Դանիել Վարուժան - Ֆորում
Էջ 1-րդ 6-ից123456»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Դանիել Վարուժան
Դանիել Վարուժան
ԳոգДата: Ուրբաթ, 30.01.2015, 14:57 | Сообщение # 1
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 644
Статус: Օֆֆլայն
ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ
(ԴԱՆԻԵԼ ԳՐԻԳՈՐԻ ՉՊՈՒԳՔՅԱՐՅԱՆ)
1884-1915



1884թ. ապրիլի 20-ին Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում ծնվել է Դանիել Վարուժանը: Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ՝ իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ: Գրաճանաչ դարձել է գյուղի վարժարանում:
1896թ. ուսումը շարունակել է Պոլսում՝ սկզբում Սագըղ Աղաջիի Մխիթարյան դպրոցում, ապա՝ Քաղկեդոնի վարժարանում: Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողել: Նա տեսել է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը: Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնել և վերջապես գտել են բանտում՝ շղթաների մեջ: Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին. տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, ավերվել է հայրական օջախը և այլն: Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում: Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին:
1902թ. տեղափոխվել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը: Այստեղ էլ նա գրել է իր առաջին բանաստեղծությունները պանդուխտների կյանքի և 1896թ. ջարդերի թեմաներով:
1905թ. մեկնել է Բելգիա և ընդունվել Գենտի համալսարանը: Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ, ինչպես նաև 17-18-րդ դարերի ռեալիստական նկարչություն:
1909թ., ստանալով բարձրագույն կրթություն, վերադարձել է ծննդավայր: Այստեղ երկու տարի ուսուցչություն է արել Սեբաստիայի Արամյան վարժարանում:
1911թ. տեղափոխվել է Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան:
1912թ. հրավիրվել է Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով: Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում: Նա դառնում է Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին: Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրում է չորս գիրք՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր» և «Հացին երգը»: Գրում է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ:
1915թ. Վարուժանը շարունակում էր լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգի» շարքը, պատրաստվում էր գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազում էր ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը: Ծրագրած էր նաև գրել «Գինիին երգը» քերթողական հատորը։ Բայց վրա հասավ արյունալի աղետը: Արտերը ներկվում էին արյունով: Բանաստեղծի խոսքերով ասած՝ կյանքը մորթվում էր արտերի մեջ, միտքը՝ գանգի մեջ: Այս ողբերգական օրերի զոհերից մեկը եղավ Վարուժանը: 31-ամյա բանաստեղծը, 1915թ. ապրիլի 11-ին ձերբակալվելով թուրք իշխանությունների կողմից, սպանվեց օգոստոսնի 26-ին աքսորի ճանապարհին՝ Չանղըրի քաղաքի մոտ մի ձորում։

Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը: Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը:
 
ԳոգДата: Ուրբաթ, 30.01.2015, 15:20 | Сообщение # 2
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 644
Статус: Օֆֆլայն

Բովանդակություն

ՀԵԹԱՆՈՍ ԵՐԳԵՐ
ԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԻՆ
ՎԱՆԱՏՈՒՐ
ԵՐԵՔ ՔՈՒՅՐԵՐ
ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ
ԿՂԵՈՊԱՏՐԱ
ՋՈՒՐԻՆ ՎՐԱ
Ո՜ ՏԱԼԻԹԱ
ԱԴՈՆԻՍԻ ՄԸ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԲԱՂԱՆԻՔ
ԳՐԳԱՆՔ
...Ո՛Վ ԼԱԼԱԳԵ
«ՕՐՀՆՅԱԼ ԵՍ ԴՈՒ Ի ԿԱՆԱՅՍ...»
ՀԻՆ ՍԵՐ
ՎԵՆԵՏԻԿ
ԱՌԱՋԻՆ ՄԵՂՔԸ
ԱՆԱՀԻՏ
ԱԿԱՆՋՆԵՐՈՒՆ
ՍԱՆԴՈՒՌՆԱԿԱՆ
ԳԻՆԱՐԲՈՒՔԵՆ ՎԵՐՋ
ՄԵՌԱԾ ԱՍՏՎԱԾՆԵՐՈՒՆ
ԲԵԳԱՍ

 
ԳոգДата: Ուրբաթ, 30.01.2015, 15:21 | Сообщение # 3
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 644
Статус: Օֆֆլայն
ՀԵԹԱՆՈՍ ԵՐԳԵՐ


Ես կերգեմ Գինին.–Բագիններուն ծիծաղը
և խորաններուն արյունը:
Դարերու կյանքը կ’երգեմ, հանուն հաճույքի
և տառապանքի գեղեցկության:

Փառք սարբինային.- Բագոս կը պսակվի:
 
ԳոգДата: Ուրբաթ, 30.01.2015, 15:22 | Сообщение # 4
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 644
Статус: Օֆֆլայն
ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԻՆ

Կ’ուզեմ ըլլա քու մարմարիո՛նըդ պեղված
Ոլիմպոսի ամենեն խոր արգանդեն.
Եվ իմ մուրճիս տակ ըզգենու հըրեղեն
Միս մը կընոջ, լույսով, տենդով սըրարբած:

Աչքերդ ըլլան վիհեր` ուր մարդ երբ սուզի`
Հավերժին մեջ անմահացած ըզգա զինք.
Գիծերդ անեղծ ըլլան, ըլլան քու ըստինք
Դաշնակություն մ’ուր կենսահյութը հուզի:

Մերկ ըլլաս դուն բանաստեղծի մ’հոգվույն պես,
Եվ հեթանոս այդ մերկությանըդ ներքև
Տառապի՛ մարդն ու չըկրնա դըպչիլ քեզ:

Թե հարկ ըլլա զոհ մը ընել քեզ պարգև,
Բագինիդ ե՛ս պիտի ուզեմ մորթըվիլ`
Որպեսզի կուճդ ըմպե արյանս հուսկ կաթիլ:
 
ԳոգДата: Ուրբաթ, 30.01.2015, 15:24 | Сообщение # 5
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 644
Статус: Օֆֆլայն
ՎԱՆԱՏՈՒՐ


...Ամենաբեր նորոց պտղոց տոնից
հյուրընկալ դիցն Վանատրի.
ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ


Նըստած պարարտ եզիդ վրա, ո՛ Վանատուր,
Մեկ ծագեն մյուսը կ’անցնիս
Հայրենական դաշտերուն:
Մեռա՜ն բոլոր մեծ աստվածները, իրենց
Բագիններուն վըրա մամուռը կ’աճի:
Անմահ եղար դո՛ւն միայն
Նըման հողին և կըրակին, ու նըման
Օվկիանոսի աղերուն:
Ուսերուդ հիր պատմուճանեն դեռ կու գա
Գինիի հոտն Ամանորի տոներուն:
Հակառակ ա՜յնքան դարերու ավերին`
Բիբերըդ դեռ զըվարթություն կը բըխեն.
Ու կենեղուտ դեմքիդ վրա
Արբեցողի կարմիր ծիծաղն է ծեփված:
Ու երբ պարարտ եզիդ վըրա կ’այցելես,
Ծաղկամիսեն Միգաբեր,
Անեզրությունն հայրենական դաշտերուն`
Կ’հոսի ալի՛քը կյանքին
Ակոսներեն հայրենակա՜ն դաշտերուն:

Ահա գարունն ու զարթումներն իր առույգ,-
Հիրիկներո՜վ պըսակվե, ո՛ Վանատուր:
Ճամբուդ վրա ճառագայթներ կը հոսին
Երակներո՛ւդ պես զեղուն.
Եվ կը թաղվին կանանչին մեջ ցողաթուրմ
Բոլոր քարերն ըսպիտակ:
Կըտուրներեն գեղջկական
Կը բարձրանա ծուխը, խունկի պես խաղաղ:
Թող ես վարդով և ուլունքով գեղաշար
Քառամանյակըս կախեմ
Պարանոցեն քու եզիդ,
Հըլու եզիդ` որ դարձած`
Մերթ կը լիզե բոբիկ ոտքերդ աստվածի:
Օ՜, իր պոչյունը գերազոր, որ ահա
Քարանձավե քարանձավ
Կ’արթընցընե թըմրած օձերն ու արջերն,
Ու խաղաղ կյանքն արևուն տակ կը պոռթկա:
Աստղերը մեղըր կը ծորեն երկընքեն
Նայադներու սափորներուն մեջ մարմար,
Արշալուսված աղբյուրներուն եզերքին
Աղավնիներ կը լոգնան
Իրենց կտուցեն մարգարիտներ սըրսկելով:
Ծիծաղե՛, ո՛ Վանատուր,
Քու հեթանոս ծիծաղներովըդ վըճիտ,
Զի բընությունն արթընցա՛վ իր քողերեն.
Եվ բերկրությունն, արգասավոր և անհուն,
Օդին մեջեն կ’անցնի կ’երթա,ու նըման
Մեծ կարապի մը վայրի,
Քու հաղթանա՜կըդ կ’երգե:

Ահա ամառն ու իր անդերը խարտյաշ.-
Որաներո՜վ պըսակվե, ո՛ Վանատուր:
Պըճեղներուն տակ եզիդ
Մատղաշ ցորյանն անտառացավ. այժըմ իր
Ծովերուն մեջ` ոսկյա լոգանքըդ ըրե՛:
Թուփերուն տակ ծաղկահեղց
Բույներն են լի՛ օրհնությամբ,
Եվ արտույտին երգն արևե՛ն մեզ կու գա:
Քու արգավանդ անույշ շունչդ է` որ կ’անցնի
Դալարավետ բըլուրներուն կողն ի վար:
Երդիկին վրա քընացող
Գեղջուկին աչքն ա՛լ կը բանա` Արշալույսն,
Եվ կը փակե` Լուսնկան:
Հյուղերն են լի համեմներու բույրերով,
Ավերակներն իսկ մոխրապատ` են զեղուն
Եղիճներու, մոլոշներու հունձքերով:
Ուռենիին տակ, Վանատո՛ւր, կը զոհեմ
Նոխազը, քեզ նըվիրված,
Նոխա՛զն, որուն լուսեղ մազերն հորդահոս
Քամակին վրա` ակոսի պես կը ճեղքվին.
Նոխա՛զն որ միշտ կը կըրծեր
Սուրբ շերտափակն այգիիդ:
Արյո՛ւն խըմե ու մի՛ս կեր, ո՛ Վանատուր,
Քու հինօրյա խըրախներովդ հեթանոս,
Զի հասկաթուռ ցորյանին մեջ փայլակող
Գերանդիներ քե՛զ կ’երգեն:

Ահա աշունն ու արյուններն իր հուռթի.-
Որթատունկո՜վ պըսակվե, ո՛ Վանատուր:
Նիզակըդ ա՜ռ` որուն վըրա ոլորուն
Բարունակներ կը ծաղկին.
Թող ես եզիդ եղջյուներն
Ողկույզներո՛վ զարդարեմ:
Մըրգածառերն, հըղի կընոջ մը նըման,
Կ’հևան իրենց բեռին տակ.
Բուներն համակ կըպչուն են քա՛ղցըր հույզով.
Կորիզն ամեն պըտուղի
Քու սերմովդ է պընդացած.
Եվ քու եզիդ շողիքով
Օծված է հողը բեղուն:
Ամբարներն ողջ` խաղաղությամբ կը լեցվին,
Եվ կարասներ` ցընծությամբ…
Թող, թեղերուն մեջ, ուտե եզըդ գարի՛ն
Աստղերու պես: Իսկ դուն, Աստվածըդ զըվարթ,
Աստվածըդ գեր, վարդերես,
Ա՛ռ դաշխուրանդ, ըմպե՛ այրունը աշնան:-
Աղբյուրին քով ես քեզի
Մատըռվակեմ թող գինի՜,
Մատըռվակեմ թող բոցե՜ր,
Ծիծաղե՛, ո՛ Վանատուր,
Ո՛ Վանատուր, կաքավե՛.
Զի այգիեն տերևաթափ` կ’երևան
Հավերժհարսերն, երկայնքն ի վեր ցանկերուն,
Եվ աղջիկներ, նուռ լեցուցած գոգերնին,
Դեպի մեհանըդ կ’երթան.
Զի դու անմահ ես` դիքերեն վերջ մեռած`
Օվկիաններու աղին պես,
Զի տաղտկալի ձըգման մեջ,
Հայրենական օճախներուն քով խաղաղ,
Ամեն կիթառ քե՛զ կ’երգե:
 
ԳոգДата: Ուրբաթ, 30.01.2015, 15:25 | Сообщение # 6
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 644
Статус: Օֆֆլայն
ԵՐԵՔ ՔՈՒՅՐԵՐ

Անոնք երեք քույրեր էին
Նըման երեք Շընորհներուն.
Երեքն երեք ուխտեր ըրին
Առջևն երեք բագիններուն:

Երեցն ըսավ. - Դի՛ք կայծակի,
Քե՛զ կը ձոնեմ մազերս ոսկի:-

Միջնեկն ըսավ.-Ըզգա՛ստ Հիմեն,
Քե՛զ կ’ընծայեմ մատնիս հրեղեն:-

Կըրտսերն ըսավ.-Վավա՛շ Աստղիկ,
Ա՛ռ իմ կույսի գոտիս ծաղիկ:-

Ո՛վ որ մազերն ձոնեց Զևսի`
Յոթը ազգի յոթ խույր կապեց
Գահին վըրա Արտաշեսի:

Ո՛վ որ մատնին տվավ Հիմենին`
Յոթը չըքնաղ հերոս ծընավ
Գերահըզոր Հայաստանին:

Ո՛վ կույս գոտին մեջքեն ձըգեց`
Ան` տառապյալ քույրը եղավ,
Եվ բոզնոցին մեջ նուռ ծախեց:
 
ԳոգДата: Ուրբաթ, 30.01.2015, 15:26 | Сообщение # 7
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 644
Статус: Օֆֆլայն
ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ

Ապարանքին մեջ մարմար կախարդական Երազին,
Ու աստղակուռ ջահեր լույս անձրևելով կը վառին,
Ես Արքա մ’եմ այս գիշեր Արևելքի ճոխությանց,
Եվ ունիմ գահ ու գանձեր, ճերմակ կիներ հերապանծ:
Բազմոցիս վրա` զարդարված հովազներու մորթերով`
Գըլուխս հեցած դաստակիս, և հեշտության մեջ գինով,
Ընկողմանիկ կը դիտեմ Չերքեզուհի մը անձնյա`
Որ կը պարե իմ առջև, մարգարտահեռ գորգին վրա:
Իր հոտևան մազերեն և մարմինեն ծալ ի ծալ
Կը հոսի ծով մ’հեշտության` ուր կը սիրեմ ես լողալ:
Ըզգեցեր եմ փառահեղ պատմուճաններս ըսպիտակ
Բանված հազար աստղերու արցունքներովը սուտակ.
Շուրջը գլուխիս փաթթեր եմ ապարոշս իմ ձյունափայլ`
Ծանըր` նըման իմ փառքիս, հանճարիս պես` բյուրածալ:
Մատնիներով ադամանդ ծանրաբեռնված ձեռքիս մեջ
Համրիչըս հի՛ռ կը գըլեմ մեծ սաթերով փողփողեջ:
Ինկեր եմ վար ոտքերես անխնամ գորգին վրա քըրքում
Հողաթափերս ոսկեհյուս և թաշկինակս ապըրշում:
Իսկ զետեղված է իմ քով, կենսաժըպիտ, փըրփրադեզ,
Հըսկա բաժակըս գինվո` որ հըրաշքով մը կարծես
Դեռ նոր հոսված արյան պես կը պըճըլտա իմ առջև:
Սակայն բիբերըս ծարավ գույն ու մարմնո գեղաձև`
Մագարեի մ’աղոթող բիբերուն պես տեսլացած`
Անհունորեն սուզեր են հորձանքին մեջ ճախրասլաց
Այն թըխաչվի աղջըկան, Չերքեզուհվույն համպարե`
Որ իմ առջև կը պարե՜, միշտ կը պարե՜, կը պարե՜…
Իր շարժումն հո՛ւյլ է երբեմն, ու իր հասակն է նըման
Հողմնասարսուռ եղեգին, բույր ու փըրփուր, երգ համայն.
Իսկ երբեմն ա՛յնքան զորեղ թափ մը կու տա ոտքերուն`
Որ խարույկված բոց կ’ըլլա` քամիներն ծըփծըփուն:
Օ՜, ան միսին ձևերուն և ծալքերուն հանճա՜րն է.
Գիտե հեղուլ հորդառատ նայվածքներե, մարմինե
Բոլոր հրապույրը կընոջ և տըռիփները հեշտին`
Որոնք նըման ծովերու առջևս անզուսպ կը փըրփրին:
Ու կը պարե՜, կը պարե՜, հորձանապտույտ կը պարե՜…
Քըրտինքներով կը պըտղի ճակատն հըստակ փայլարե:
Վեհ հասակն իր կախարդի` մազերուն տակ ծածկըված`
Ուռենիին խռովքն ունի` լըճակին վրա ցոլացած:
Մերթ դեպ ետև կը թեքի, մերթ ալ դեպ ի ընդառաջ.
Հազիվ եղած շամբ ճըկուն, կ’ըլլա բարտի մ’աննըվաճ.
Եվ մերթ ցընցուն ոստումով` կարծես իրանն հրաշագեղ
Հանկարծակի կը փշրե փոշիաբար զերթ բյուրեղ.
Ու հազիվ հազ դաշնակում մ’իր մարմինեն եղծանած`
Նոր թեքումով կ’հորինե նո՛ր դաշնակում մը հանկարծ:
Մարգարտահեռ մուճակներն, ուր ոտքերն իր ձուլվեր են,
Կարծես հազիվ կը հըպին գորգին վըրա նըկարեն.
Ու իր հատուկ ճախրանքեն կառնու հով մ’ա՛յնքան ծավալ
Որ կը մարե երդումն հա՛պ, ու կ’արծարծե երբեմն ալ
Իր ականջին օղերուն փայլատակները լազվարթ
Ու իր բոլոր քայռերուն ճառագայթները զըվարթ:
Ու կը պարե՜, կը պարե՜, կատաղորեն կը պարե՜,
Միշտ հըպատա՛կ ցոփ կամքիս` որ զինք ընդմիշտ կը վարե:
Գլուխեն վե՛ր կը նետե նուրբ պատմուճանն հապըշտապ.-
Կը մերկացվին ըստինքներն ու պարանոցը կարապ,
Ու որովայնը բարի` իր սև պորտով կընքըված,
Եվ հույր բումբերը, բոլո՛ր մյուս մասերն առեղծված
Համակ խորհուրդը միսին ու իր անճառ ձևերուն`
Ուր դըրեր է իր վերջին հանճարը միտքն Աստըծուն:
Երբ կը տեսնե իր աչքով մերկությունն իր բյուրեղյա`
Հրապույրներու այդ բոլոր շռայլման վըրա կ’ամչընա.
Այն ատեն ցունց մը կու տա փոթորկալից մազերուն`
Որոնց քամին թափընդթափ կ’երթա մարել սըրսըփուն
Ադամանդե ջահերն այն մարմարակերտ պալատին,
Մարմարակերտ պալատին ձեղնալույսերը ռեդին:
Ո՜վ մերկություն հրաշագեղ, Հավերժահա՜րս ամոթլյած`
Որ խորհուրդի մը նըման մըթության մեջ ես ղողված…
Այն ժամանակ կ’ոստնում վեր կիրքերուս մեջ ծարավի`
Թողլով որ ձյուն ապարոշս իյնա ոտքիս տակ լուծվի:
Մըթարին մեջ առխարխափ Չերքեզուհին կը գտնեմ`
Առաջնորդված իր կուրծքին հևքերեն բուռն ու վըսեմ,
Եվ քըրտնաթոր դաստակեն պինդ բըռնելով` մեկուսի
Կը պառկեցնեմ բազմոցիս մորթերուն վրա հովազի:
Օ՜, մագնիսով և լույսով թըրծուն մարմինն աղածրի`
Որ թևերուս մեջ կաթի, արյունի պես կը փըրփրի.
Օ՜ իր մազերն հոդածուփ` որոնց մեջ ես կը լողամ
Խորը անոնց խեղդվելու վըտանգներով հարաժամ,
Օ՜ ջերմությունը սատափ բազուկներուն տարփակեզ`
Որոնցմով վիզըս զորեղ կը պարուրե օձի պես:
Հուսկ իրարու կ’միանանք մենք համբույրով մը հըզոր…
Երբ կը ծըծեմ բերնիս մեջ առած շըրթներն իր բոսոր,
Երբ ժամերով կը քամեմ բյուր երակներն, հուլորեն,
Օ՛հ, այն ատեն ճաշակած կ’ըլլամ կարծես համորեն
Հին դարերուն հեթանոս դահամունքներն հազածո,
Հընդկաստանի համեմնե՜րն, համայն խունկե՜րն Արաբիո:
 
ԳոգДата: Ուրբաթ, 30.01.2015, 15:28 | Сообщение # 8
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 644
Статус: Օֆֆլայն
ԿՂԵՈՊԱՏՐԱ


Կյուգնոսին վրա քարավազ
Հընչեց տավիղ, հընչեց վին…
Եթովպիացի մ’ոպնիազ
Կ’երգե` քիթին վրա կուրին.

-Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտ,
Արծաթ ցռուկիդ ես գերի.
Մեջըդ սիրտ մը բոցանուտ
Դափնեվարդի պես կ’այրի:

Դըշխո՛, նավակըդ բուրյան
Ունի սատափ թևճակներ`
Որոնց ծայրեն կը տեղան
Ադամանդյա կայլակներ:

Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտ,
Ահա Տարսոնը գինով:
Կ’ուզե Իտալը անգութ
Շըղթայվիլ մեղկ թևերով:

Բամբի՛շ, դեմքեդ կը ցոլան
Բոցեր` գետի երեսին.-
Լուսինն այսպես կու գա ման
Ջուրերուն վրա Նեղոսին:

Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտ
Ծաղկածիծաղ ափն ի վեր.-
Նուռ մ’ավասիկ կարմրակուտ
Այգիեն մեջդ է ինկեր:

Դըշխո՛, վըրադ պարզեր են
Ամպհովանի մ’ոսկեթույր:
Առջևըդ խունկ կը ծըխեն
Յոթը նաժիշտ, յոթը քույր:

Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտ
Եվ օրորե թագուհին…
Մեր տակ կ’երգե ջուրն ընդփույթ
Պատմելով թովքն անդունդին:

Բամբի՛շ, ծոցիդ բուրումեն
Վիհին օձերն արթընցան.
Շուրջըդ ահա կ’արտասվեն
Մարգարիտներ մոգական:

Սահե՛, ո՛վ նավ, սահե՛ շուտ.
Տարսոնն հեռուն կ’երևա.
Ջահեր կ’այրին բոցանուտ
Նիզակներուն ծայրին վրա:

Դըշխո՛, կողեն նավակին
Ներս քաշե ձեռքըդ քընքուշ.
Մատնիդ կ’իյնա խորն ալքին.-
Կ’ընկըղմվի կյուսըդ, ըզգո՜ւյշ:

Սահե՛, ո՛վ նավ, վիհին վրան
Բաբելոնյան կա՛խ պարտեզ
Ուր Շամիրամն էր` շուշան,
Կղեոպատրան` վարդ մ’է վես:

Բամբի՛շ, գոհարը թագիդ
Եղավ Քաղքին ա՛լ փարոս:
Աչքը քեզի անքըթիթ
Հոն կը սպասե Անտոնիոս:

Սահե՛, ո՛վ նավ, շո՛ւտ սահե,
Քանի որ մեջդ է Իսիս`
Ցըռուկդ աշխարհ կը ջահե`
Քանի որ մեջդ է մայիս:

Դըշխո՛, երկիր պագին ա՛լ
Լեգեոններն Հըռովմի:
Ըզքեզ դատող սալարն ալ
Հմայքեդ դողալ կը թվի:

-Կեցի՛ր, ո՛վ նավ, շո՛ւտ կեցիր,
Ափը կ’ելլե թագուհին,
Երգս ալ կ’ըլլա ցանուցիր,-
Պետք է փոխեմ լարերս հին:

Գուսանն ա՛լ վինը չածեց.
Իսկ համբույրով մ’այն գիշեր
Կին մ’Իտալիան նըվաճեց,
Մարդ մը` Բուրգերն հաղթաժեռ:
 
ԳոգДата: Ուրբաթ, 30.01.2015, 15:43 | Сообщение # 9
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 644
Статус: Օֆֆլայն
ՋՈՒՐԻՆ ՎՐԱ

Նըվագե՛ կիթառդ, ո՛վ իմ Մելինա,
Լուսինն է ցաթեր, վերքի պես լանջքիս.
Երգդ, իբրև ըսպունգ, կը ծըծե ահա
Աստղերն երկընքին, արցունքներն աչքիս:

Աշխարհը մոռնա՜նք.- ջուրին վրա` լուսնին
Լուսասփյուռ ճամբա՛ն ըլլա մեր ճամփան...
Երբ պըսակեմ գլուխս ողկույզով, Մելի՛ն,
Սըրտիս արյուննե՛րն իսկ գինի կ’ըլլան:

Թող երգդ հըրճըվի՜.- Ծովը լուսավերտ
Անդունդին աղով կ’օծե գանգուրներդ`
Զոր խառնեց ահա սյուքը` լարերուդ:

Թող երգդ արբենա՜.- լեցուցի գինին
Կիթառիդ տոսախ պորտին մեջ հըրուտ...
Աստղի՜կն է նըստեր մեր նավուն քիթին:
 
ԳոգДата: Ուրբաթ, 06.02.2015, 19:04 | Сообщение # 10
Генералиссимус
Группа: Ադմինիստրացիա
Сообщений: 1291
Награды: 644
Статус: Օֆֆլայն
Ո՜ ՏԱԼԻԹԱ


Կարմրաշառայլ լույսերուն մեջ կը վառի
Կապելադ, ո՛ Տալիթա:
Բե՛ր գարեջուրն, և թող փրփուրն հոսանուտ
Մատերդ ի վար պըղպըջա:

Ի՛նչ փույթ թե ես ազնըվական կը թվիմ,
Ունիմ ձեռքեր քընքշենի.
Եվ ի՛նչ փույթ թե դուն աղջիկ մ’ես ջըլեբաց`
Որ բանվորներ կ’ընդունի:

Կ’ատեմ կիներն` որոնք դիմացն հայլիին
Դիմաներկեր կը շաղվեն.
Կը ծըծցընեն Ծերակույտի անդամներ
Տըռփանքներով տարորեն:

Դահլիճներուն փարթամ կիները կ’ատեմ,-
Իրենց կավատն է` ոսկին.
Զիրենք սիրողը կը սպառեն, և իրենք
Տան շընիկեն կը սպառին:

Բե՛ր, Տալիթա՜, բե՛ր գարեջուրն, ու նըստե
Ծունկիս վրա` թույլ տալով
Որ աղախնի կարճ քըղանցքեդ երևնան
Բումբերըդ` սև գուլպայով:

Թող ճըրագներդ հյուծին մինչև առավոտ,
Եվ թող շեմին վրա երգե
Գինով աշուղն` հառած բիբերը մեզի,
Բիբերը զուրկ կըրակե:

Թող մազերուդ ոսկի հյուսկերը քակես
Գավաթին մեջ բյուրեղյա,
Եվ ծունկերես վար սըրունքներդ օրորես`
Մինչև որ սերս հասուննա:

Ինծի ի՛նչ փույթ թե շրթունքներդ են խածեր
Նավաստիները կոպիտ,
Եվ հոսեր են քըրտինքն իրենց տըռփանքին
Աչքերուդ մեջ ու ծոցիդ:

Այս օր կ’ուզեմ կուրծքիդ վըրա գինովնալ
Ինչպես զինվոր մը արբուն.
Կ’ուզեմ պարպել գավաթդ, և դուն ալ պարպես
Սիրտըս` նուռի պես հասուն:

Այսօր կ’ուզեմ դահլիճին մեջ ծաղըրված
Սերըս առջևըդ պղծել,
Խաբված հոգիս բերել ռամիկ աղջըկան
Գարեջուրով մը ծախել:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 19:21 | Сообщение # 11
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԱԴՈՆԻՍԻ ՄԸ


Արշալույսին դեմ խեփոր մը բացիր`
Զոր ծովն ոտքիդ տակ նետեց վիհերեն:
Արշալույսին դեմ խեփոր մը բացիր,-
Կը փայլեր իր մեջ մարգրիտ մ’հոյաշեն:

Կը փայլեր իր մեջ մարգրիտ մ’հոյաշեն`
Զոր ճակատիդ վրա դըրիր ներդաշնակ:
Կը փայլեր իր մեջ մարգրիտ մ’հոյաշեն
Վայրի կատվի մ’աչքին հանգունակ:

Վայրի կատվի մ’աչքին հանգունակ`
Մարգրիտն ուղիիդ լույս տըվավ գիշերն:
Վայրի կատվի մ’աչքին հանգունակ
Թովեց Աստղիկին բոլոր տատրակներն:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 19:24 | Сообщение # 12
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԲԱՂԱՆԻՔ


Մորճագըմբեթ բաղնիքին ներքնադուռն հո՜ւյլ կը բացվի:
Եբենոս դո՛ւռն հաստաբեստ` որ կը ծեծվի միշտ թակով,
Եվ անընդհատ կը քըրտնի, կը ճըռընչե ուժասպառ
Հուրիներուն ետևեն` որոնք դանդա՜ղ կը մըտնեն:
Բոլոր մե՛րկ են ու չըքնա՛ղ, – թևերն իրենց ծալեր են
Լանջքերնուն վրա հոյաշեն` որոնց վրա կը դիզվին
Կույտերն իրենց ծիծերուն, պըտուկներով թըխագեղ:
Սատափազօծ սանդալներն հատակին վրա կը հընչեն.
Սրտերնուն հևքն աղվական, ձայներն իրենց քաղցրանույշ
Բաղնիքեն ներս կը փոխվին անդընդասույզ ղողանջի.
Աստղերուն պես` լողացող մառախուղին մեջ աղոտ`
Իրենց աչքերը խոնավ նըշողյուններ կ’արձակեն,
Եվ գոլորշին, իր տամուկ շըղարշներով, կը պատե
Մարմինն իրենց` որ պըտղիլ կը սկըսի ա՛լ քրտինքով:
Հուրիները կը լոգնա՜ն.-Պորտաքարին կիզանուտ
Ոմանք պառկած նըվաղկոտ նայվածքներով կ’երազեն:
Լուսացընցուղ գըմբեթեն` արևուն շողը ճերմակ
Ներս կը մաղվի` մարգարտյա հորդ անձրևի մը նըման.
Եվ ծփանուտ գոլորշին կը դառնա ծով մ’արծաթյա`
Ուր լյուղ կու գան կարապներն Արևելքի Հեշտանքին:
Ըսպածանին` որ կըպած է զիստերնուն լոռի պես,
Ա՛լ կը նետվի. մարմինները կը փոխվին արձանի.
Եվ մազերնին հյուս առ հյուս, ծովերու պես կը քակեն,
Ուրկե երբե՛մն կ’իյնան գոհարներու հատիկներ:
Օ՜, ծամե՜րն այդ, ծամե՜րն այդ, որոնցմով ա՛լ կը ծփա
Կարծես բաղնիքը ամբողջ. և պորտաքարը մարմար
Կը թըխանա անոնց հորդ սևափըրփուր ալիքով:
Գըլուխն իրենց կը սանտրեն ոսկեդրվագ սանտրերով
Երկա՜ր, երկա՜ր, մինչև ծայրն անծայրածիր մազերուն
Կ’երթան իրենց մատվըները ծեքծեքուն ու դանդաղ
Միշտ լողալով կայծերուն մեջ մատնիի ադամանդ:
Անոնք երբե՛մըն կը զգան նըվաղումներ, ու երբեմն
Հանկարծակի կը սարսռան` երբ գմբեթեն կը կաթի
Ցուրտ ցող մ’իրենց ծոծրակին հեշտագրգիռ փոսին մեջ:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 19:25 | Сообщение # 13
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ահա հարյուր ծորակնե՜րն, ահա մարմար ծորակնե՜րն
Իրար ետև կը բացվին` աղմըկահույզ կարկաչով.
Մոխիրի պես գորշ շոգին կը բարձրանա ծուփ առ ծուփ,
Դատարկ գուռերը բոլոր կենդանություն կը ստանան.
Ջուրը կ’հորդի ամեն կողմ, ջուրը կ’երգե քաղցրահունչ.
Հուրիները կը լոգնա՜ն.-Գուռերուն շուրջ հավաքված
Գանովայի՛ Շընորհներ, կարծես իրար կը փարին:
Եվ կը խառնեն ծիծերնին, կը խառնեն ժիր թևերնին
Եվ սըրունքնին պաղպաջուն, և պորտերնին կոշարա`
Ուրկե մուշկի հատիկներ, տարրալուծված, կը բուրեն:
Մարմարներուն վրա նստած զիստերն իրենց կ’ընդլայնին,
Ու կը խըմեն հեշտությունն իրենց տակեն սահող ջրին:
Ոսկի թասերը ահա քարերուն վրա կը հընչեն:
Տոսա՜խ թասերն, որոնք մերթ սիրտերու պես կը ճայթին`
Այդ անպատում մերկությանց ծառայելու ժամանակ:
Կը քըրքըրի կավն ահա, ծոթրինաբույր կավը զով,
Ծաղկահյութով զանգըված` զոր մեր նախնիք կ’ուտեին:
Մազերն անով կը ծեփվին, ու կը դառնան ապըրշում:
Լանջքերն անով կ’օծանվին, ու կ'ըլլան նման փրփուրի.
Անոր խյուսովը պաղուկ, և լըպըրծուն շաղախով
Կը զովանան հուրիներն, որովայննին կը հըղկեն
Գետի խիճին պես ողորկ ու թավշորեն օծանուտ:
Կ’եռան ջուրերը, կը լվան Կըրակներն այդ պաշտելի.
Կը փըրփըրին օճառներն` Մաքրություններն անգամ մ’ալ
Իրենց մածան լույսերուն մեջ մաքրելու ի խընդիր:
Ջուրն, որ ամեն կողմանե, պորտաքարին շուրջն ի վար,
Կ’հոսի կ’երթա` կոյուղին իսկ բուրումով լեցնելու,
Գո՛րշ է կավով ու կիրով, լեղի կիրով հերաթափ,
Եվ իր ուղխին հետ մեկտեղ մերթ կը գըլե, կը տանի
Թըխակուտակ թընճուկներ, անութներու գանգուրներ,
Եվ խըռիվներն աղվամազ այդ կիպերյան լուսեղեն
Արձաններուն կենեղուտ` որոնք այլևս ուժաթափ
Կը լեցընեն հուսկ թասերն, թասերը հուսկ կը պարպեն:
Գուռերն հե՛ղ մ’ալ կը հորդին, բաղնիքն հեղ մ’ալ կ’աղմըկի,
Ջուրն եռեփուն կը վազե, հե՛ղ մ’ալ կ’լողան հուրիներն:
Կը բըռընկի մորթերնին վարդի մը պես բոցավառ.
Եվ նըվաղուն բիբերով, թասերն` իրենց գըլուխին,
Կուրծքերնուն վրա միշտ գրկած դեզերն իրենց ծիծերուն`
Այլևըս դուրս կը փութան, շարան շարան, հևասպառ,
Անգայտացած շոգիով, կակաչներու պես բոսոր…
Օ՜ գանգուրներն հորդառատ` իրենց կուրծքին վրա մերկ,
Օ՜ գանգուրները խըխում, կաթիլնեով ծանրացած,
Որոնք բոբիկ ոտքերնուն սատափ ցողեր կը ծորեն…
Ի՜նչպես պատմել ձեր օծումն, ի՜նչպես պատմել ձեր զարդերն`
Երբ մարմիննիդ կը սըրբեք, և կուռքի պես կը հագվիք…
Թող համբուրեմ մատերնիդ` զոր դուք այսօր կը թաթխեք
Հինաներու գուշին խորն` իբր արյունոտ սըրտի մեջ:
Թող համբուրեմ մազերնիդ` կընդրուկներով օծանուտ`
Որոնք, գիշերը, լուսնին տակ, կը բուրեն բարձին վրա.
Եվ հոնքերնիդ ծարուրված, ամպանըման թարթիչնիդ,
Եվ լա՜նջքը ձեր` որ փաղփուն մանյակներով ոսկեշար
Ամուսնական անկողնին նըշողուն ջա՛հը կ’ըլլա.
Թող համբուրեմ պորտը ձեր` ուր ծըրարած կը ծածկեք
Թե՛ Արաբիո հաշիշներն և թե՛ մուշկերն Ափրիկյան:
Ձեր տուներն ա՛յժըմ կ’երթաք գահարներով բեռնավոր…
Թող սալարկները Քաղքին ձեր քայլերեն թարմանան…
Ցուրտը խածնե թուշերնիդ, ու այտերնիդ բոսորե:
Վարշամակեն ձեր տամուկ, քըղանցքներեն ծըփծըփուն
Արտաբուրե՛ և հորդի՛ լոգանքին հոտը ծոթրին,
Եվ լեցընե գըռեհներն, հըրապարա՜կն և ուղի՜ն.
Ավելցած մասն այն հացին` զոր դուք բաղնիք կը տանիք,
Զոր թասին մեջ կը դընեք և կը ծածկեք ղենջակով,
Թո՛ ղ արձակե՛ բուրումն իր`տարաշխարհիկ համեմով,
Զի այն ատեն փողոցներն Արևելյան Քաղաքին
Պիտի ըզգան թե Մայիսն հետքերնուդ վրա կը ծաղկի,
Եվ թարմացած մայթերեն Գարո՜ւն, Գարո՜ւնը կ’անցնի:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 19:26 | Сообщение # 14
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԳՐԳԱՆՔ


Անոր որ պիտի գա...

Ափը լճակին մենավոր`
Ուր տընակս իմ կախարդորեն շիներ եմ`
Ձեռն ի ծընոտ ըսպասեցի իր գալուն:
Նըռենիին տերևներուն տակ բոսոր,
Նուռի մը պես ճեղքըված,
Սիրտըս, շիթ շիթ, արյուն թորեց ծունկերուս`
Կարոտը սե՜րս արյունեց.
Եվ ամիսներ բովանդակ
Եղնիկի պես լացի գոհար արցունքներ
Ափը լճակին մենավոր:

Ու վերջապես ան եկավ
Այգիներեն քաղցրաբույր`
Ու ողկույզներն, ըստինքներու պես լեցուն,
Հողին վըրա կը կախվին,
Մոր մը գըրկեն, որ իր մազերը խարտյաշ
Ամեն առտու, ճաճանչներու պես, սանտրեց,
Շուշաններու պարտեզեն`
Ուր տատրակներն Անմեղությո՛ւն կ’երգեն`
Ան վերջապես ա՛լ եկավ:

Ո՛վ վարսագեղ հովվուհիս,
Որ աղբյուրին լույսեն ծըլած խոտին մեջ,
-Գալու համար իմ սիրույս-
Լըքեց անթիվ գառնուկներն իմ մոլորուն.
Եվ զարնելով փարախին դռան քարին վրա
Խորտակեց սրինգը տոսախ
Խենթի մը պես կողկողագին ողբալեն,
Ո՛վ վարսագեղ հովվուհիս:

Երբ ներս մըտավ իմ շեմես
Ձյուն կարապներս օձաճապուկ վիզերնին
Կարկառեցին դեպ անոր,
Դեպ մարմարե իր ոտքերուն համբույրին:
Եվ շունս հըլու, փորին վրա սողալով,
Եկավ լիզել կրունկներն անոր ադամանդ.
Ժըպիտներով աչքերը լի, վիթի պես,
Ան ներս մըտավ իմ շեմես:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 19:26 | Сообщение # 15
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Տնակըս բույրո՜վ լեցվեցավ,
Զի ծոթրիններ ծորեցան
Պատմուճանին քըղանցքեն,
Զի արևով օծված ոսկի մազերեն
Բուրյան մեղրեր ծորեցան.
Եվ բիբերեն` մարգրիտներու պես փաղփուն`
Թափթըփեցան ասուպներ.
Տնակըս լույսո՜վ լեցվեցավ:

Մեզ գըրգարան շինեցի.-
Գարնան բոլոր վարդերը գոգ գոգ բերած`
Հարդարեցի մեր անկողինն հիմենի.
Նունուֆարներն` որոնց ծղոտները կակուղ
Հոտող սուրիս ներքև արյուն ծորեցին`
Մեր գըլխուն տակ բարձ եղան.
Ծաղիկներովն հողին և ջինջ ջուրերուն,
Աղվամազով տատրակներու դունչերուն
Մեզ գըրգարան շինեցի:

Վարդերուն վրա փըրփրեցավ
Իր մերկությունն երե՛ք անգամ կաթնային:
Հընդկաստանի յուղերով
Լույսերու պես օծեցի շեկ վարսերն իր.
Եվ ծալերուն մեջ մարմինին` իմ բոլոր
Խընկամաններըս քըրմորեն պարպեցի:
Ան, առաջին համբույրիս տակ խըռոված,
Օշնանի պես պըղպըջուն
Վարդերուն վրա փըրփրեցավ:

Ու քընացավ կուրծքիս վրա…
Օ՜ մատերս իմ` որ ժամերով լողացին
Մազերուն մեջ հորդառատ.
Օ՜ բերանն իմ` որ բերնին վրա ըզգըլխիչ`
Խըմեց սափորն իր սըրտին:
Իրար հյուսված մենք բաղեղներ խանդակաթ
Ծաղիկներուն միջև հե՛ղ մ’ալ ծաղկեցանք:
Ան քընացավ կուրծքիս վրա…

Կարապներն ա՛լ թուխս նըստան.
Եղեգնուտին մեջ քամին մեղմ նըվագեց
Ծըլարձակման մեծ օրենքները Գարնան.
Նունուֆարի հոտված ծղոտները դարձյալ
Ջուրին մեջեն արձակեցին փթիթներ:
Մերին սըրտերն ունկընդիր
Իրարու մեղմ տըրոփյունին` նընջեցին.
Եվ լիճին խորն, աստղերուն վրա թևամփոփ,
Կարապներն ա՜լ թուխս նըստան:
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Դանիել Վարուժան
Էջ 1-րդ 6-ից123456»
Որոնել: