Էջ 2-րդ 6-ից«123456»
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Դանիել Վարուժան
Դանիել Վարուժան
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 19:27 | Сообщение # 16
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ո՛Վ ԼԱԼԱԳԵ



Կը հիշե՞ս, ո՛վ Լալագե.-
Ես քեզի հետ, ծանր ամիսին հըղությանդ,
Այգիիս մեջ ման եկա
Պըտղաբերձ օր մը աշնան:
Մայրամուտին շողերուն տակ դալկահար
Ծառերն էին ոսկեձույլ:
Եվ ողկույզներն աչքերու պես հըրեղեն
Քաղցրություններ կը ծորեին հողին վրա:

Օ՜ իմ այգիս, օ՜ իմ այգիս կութքի՛ մեջ...
Հարյուրավոր ժիր գերիներըս հըլու`
Երկայնքն ի վեր ցանկերուն`
Կը կըթեին սարբինան.
Եվ կողովներն հյուսված էին հրաշագեղ
Մայրամուտի ոսկեառէջ նշույլներով...
Անապատի անծանոթ երգ մը` շուրթին,
Եթովպուհին խընձորենին կը թոթվեր
Ծիծերն ի վար, գոգին մեջ:
Հոն, տըղաներ խառնածին`
Կանանչացած, լեղակե թուխ ձեռքերով`
Կը ժողվեին ընկույզներ:
Անդին բլուրեն վար, դեպ Քաղաքը, ճռընչուն,
Մեծղի եզներ, որոնց եղջյուրն այգեպանն
Որթատունկի սաղարթներով է պսակեր,
Կը քաշեին սայլերն ամբող բեռնաբարձ
Ողկույզներու դեզերով
Եվ ալիքով գինիի:
Եվ փարչին մեջ, աղբյուրներուն վրա բոլոր
Տերևներ լյո՜ւղ, տերևներ լյո՜ւղ կու գային...
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 19:29 | Сообщение # 17
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Արդ հիշեցի՞ր դուն այն օրն, ո՛վ Լալագե:
Ակոսներուն և կողերուդ ընդմեջեն,
Այն ծանր ամիսն հղությանդ,
Կ’անցներ ալիքն հողին հորդող ույժերուն:
Արեգակի արյունին նուռն էր` ծոցիդ
Մեջ հասունցած: Բուներն ի վար ծառերուն
Կը ծորեին շիթ առ շիթ
Հույզերը` նման արցունքի:
Քու համբուրված մարմինիդ պես ծանրակիր
Հողն էր թըրջված, էր կպչուն
Քաղցուներով և մեղրով:
Անուշաբույր իր բեռին տակ կը կըքեր
Դեղձենին քե՛զ նըմանակ,
Քու ծիծերուդ նըմանակ
Ողկույզներն այն լեցուն էին` ապագա
Ծիծաղներով, ցընծությունով ու կայթով:
Ու իրիկունն այն` կ’ուռեր կո՜ւրծքը հողին...
Հընձաններուն քովեն անցանք մենք դյութված
Խազմուզին բարկ բուրումեն:
Գերուհիներ, պարեգոտնին հանգրըճած
Մինչև իրենց պորտին տակ,
Կը կոխեին խաղողն ատոք`թըրջելով
Մինչև իրենց պորտին տակն, ո՛վ Լալագե:
Վայրածըփիկ մազերնուն ծայրը համակ
Կը ներկըվեր բոսորագեղ հույզին մեջ
Եվ քովն իրենց` հընաբույր լայն կարասներ
Նվիրագործված ամեն տարի, ծոցիդ պես,
Լեցո՛ւն էին գինիներով-ծոցի՜դ պես-
Լեցուն շողո՛վ, հաղթանակո՛վ, բերկրանքո՛վ,
Հավերժակա՛ն կյանքերով:
Հետըդ անցանք ծիծաղներու, երգերու
Մեջեն առույգ, զոր աշխատող հոգիներ
Կը պոռթկային տերևներուն ներքևեն.
Ու բուրումներն աշունին
Կը հասնեին մինչև աստղերն արծարծուն.
Ու այգին, լի պըտուղներով բազմազան,
Կարծես կ’այրեր, կը ծավալեր խունկ մ’անույշ
Վա՛րը, մինչև Քաղաքին վրա հեթանոս,
Քաղաքի՛ն վրա որ միշտ, տոնի խրախի մեջ,
Կը սպառեր հողն ու ավիշները հողին:
Այն ատեն (թույլ կու տա՞ս ինձ
Խոստովնիլ, Լալագե՛)
Ես ունեցա ընդվըզումներ արյունի,
Ու ցանկացա արեգակին, հողին պես
Ուռճացընել ինձ մերձեցող ամե՛ն հունդ.
Ու – թո՛ւյլ տուր ինձ խոստովանիլ, Լալա՜գե–
Երբ դուն անդին` կարկառուն նուռը ծառեն
Կը քաղեիր, ու հետո
Կը խածնեիր լիաբերան հեշտանքով
Անոր բոսոր մարգրիտներուն շարքն անույշ`
Ես ասդին թուխ Եթովպուհին – որ ջլեբաց`
Հընձանին մեջ կը ճըմլեր կուզն –
Համբուրեցի՜... բըռնած հընդիկ ծամերեն
Պառկեցուցի՛ ժըպտագին գլուխը կուրծքիս,
Եվ հեշտաբո՜ւռըն շրթներով, Լալա՛գե,
Համբուրեցի՜...
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 19:31 | Сообщение # 18
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
«ՕՐՀՆՅԱԼ ԵՍ ԴՈՒ Ի ԿԱՆԱՅՍ...»


Մարիա՛մ, այս անկողնին վրա երբ նըստիս
Ու ես առջևըդ, գորգին վրա ծընրադիր,
Համբուրեմ խաժ երակներն
Այդ ձեռքերուդ` որոնցմե լույս կը ծորի,
Մարիա՛մ, տաք շըրթունքներուս տակ կը զգամ
Էա՛կ մ’որ, լուռ, արյունդ ումպ ումպ կը խըմե:
Այն գիշերեն` երբ մազերդ այդ բարձին վրա
Անփութորեն լեցուցած`
Ծոցդ հաճույքին բացիր, և բուռն հաճույքեն
Քըրտինք մ’առատ քունքերդ ի վար հոսեցավ,
Եվ կուսությունըդ մեռավ
Արգանդիդ մեջ և աչքերուդ երկնաթույր,
Այն գիշերեն` թարթիչներեն կոպերուդ
Մե՜ղըր ծորեց, դուն եղար
Հեզահամբույր, լըռակյաց,
Ձյունափետուր դուն աղավնյակը եղար`
Որ արևուն տակ կըծկըված` կ’երազե
Բույնին վըրա շինվելիք...
Կը դիտեմ, արդ, քաղցրիկ հյուծումը դեմքիդ
Եվ բաց շապկիդ մեջեն ծիծերդ` որոնց մեջ
Կը բաժնըվի կյանքդ, և դուն
Բաժնըվելով մա՜յր կ’ըլլաս:
Մեն մ զարկին մեջ երակիդ` ես կը զգամ
Տրոփյունը նո՛ւյն իմ սըրտիս
Եվ բողբոջումը արյունիս ծաղիկին`
Որուն բուրումը կ’արբեցնե զիս և քեզ
Եվ սերն է մեր երկուքին:
... Օրհնյա՜լ ըլլաս, Մարիա՛մ,
Դո՛ւն որ անհուն գորովով
Կողերդ ինձի՛ կու տաս, և ո՛սկրըդ ` ուրիշ
Ոսկրի մ’համար կը քամես,
Դո՛ւն` որ կ’ըլլաս ամենեն
Մաքուր ակոսն` ակոսներեն բեղմնավոր,
Ու ամենեն չըքնաղ թաղարը` բոլոր
Թաղարներեն շուշանի`
Օրհնյա՜լ ըլլաս հավիտյան:
Դո՛ւն` որ, ըզգոն, կը կըրես
–Խեփորին մեջ ինչպես մարգրիտ մը ազնիվ-
Աստվածատիպ Մարդը խո՛րն այդ արգանդիդ`
Օրհնյա՜լ ըլլաս, Մարիա՛մ...
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 19:32 | Сообщение # 19
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՀԻՆ ՍԵՐ


Մամ ու ծերուկ, երկու թարշամ հոգիներ,
Եկան նըստիլ շուքին ներքև ծիրանվույն`
Որուն քընքուշ ծաղիկներն էին զարդարեր
____Օր մը գըլուխը հանվույն:

Անոնք սաստիկ կը դողդոջեն` իբր ըլլան
Սիրահարներ հանկարծ իրար հանդիպած.
Բայց քովերնին` ցուպե՛րն իրենց լոկ կը մնան
____Խոտին վըրա` գըրկըված:

Չունին այլևս հըրդեհումներն արյունին.
Անոնց հոգին համբույրի երգը չունի.
Ոչ ալ հոգնած կողերնուն մեջ կը ծաղկին
____Սերմերը` նման շուշանի:

Պապուն նայվածքն աչվըներուն մեջ մամուն
Կը նվաղի` չըթափանցած դեռ սըրտին.
Եվ կը մըսի գաղջ ճառագայթն արևուն
____Անոնց ծոցին մեջ ցըրտին:

Եթե փորձե՛ն իսկ տարփանքի փորձ մ’անմեղ
Գարնան դըրդիչ բուրումներեն սըրարբած`
Կը փըշրի՜ սիրտն` իբրև բաժակ մը բյուրեղ
____Հանկարծ կրակին դեմ ճաթած:

Վարդերն անցա՜ն, անցան բոցերն այտերե.
Սերն անոնց կայծ մ’է մոխիրին մեջ թաղված`
Զոր հիշատակն իր շունչով իսկ կը մարե
____Վայրկյան մ’հազի՛վ արծարծած:

Ու հիմակ այս գարնանային իրիկունն`
Երբ կը բուրեն կինամոնները բըլրան`
Կ’իյնա անոնց միտքը հին սերն հանկարծույն`
____Հին աղոթքի մը նման:

Եվ կը հիշեն, շուքին տակ նույն ծիրանվույն,
Մեռած գըգվանքն, իրենց տարփանքը հեշտին,
Հետո համբույրն ու հետո ճի՛չը մամուն`
____Եվ իրարու կը ժպտի՜ն...
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 19:32 | Сообщение # 20
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՎԵՆԵՏԻԿ

Ծավի՛ Վենետիկ, փառապա՛նծ Տիկին,
Զոր Իտալիան գինով սընույց,
Եվ Արևելքն իր զարդերով անգին
Պըճնեց վեհ ճակատդ ու ոտքերըդ լույծ:

Ադրիականին բամբիշն ես հավետ,
Զարդարված` ջուրե ժապավեններով,
Լիտոյի արևն, ելլելով ծոցեդ,
Թագ կ’ըլլա գըլխուդ և կ’ընկըղմի ծով:

Կը հեղու երկինքն, իբրև սիրահար,
Աստղե՛ր գըրկիդ մեջ, աստղեր մազերուդ:
Ծովն առջևեդ սըփռե՜ր է գորգ ու գոհար.
Զույգ կապույտի մեջ Երա՜զ մ’ես կապույտ:

Կըռթնած` բարձերուն վըրա փըրփուրե`
Որքա՜ն թովիչ ես, երգն ալքերուն լուրթ
Երբ որ կ'’ունկընդրես, ո՛վ Քաղաք ջուրե,
Ո՛վ Լաբյուրինթոս քայլերու պանդուխտ:

Ունիս ճամբաներ նեղ ու օձհոլով,
Կեսը սալաքար, և կեսը ալիք.
Հոն կըրնանք, ընկերս ու ես, խոսելով
Երթալ,- ես` ոտքով, նավակի մեջ` ինք:

Անիվն անոնց մեջ ակոս տողած չէ.
Եվ ոչ ալ պայտն հուր կայծեր սերմանած.-
Ձըկնորսին սանդա՛լն հըզոր կը հընչե
Հո՛ն, ուր ճեմեց Տոժն օր մը սիգընթաց:

Անթիվ կըղզիներ, շենքեր վըրանին,
Կոր կամուրջներով են շըղթայարկված:
Կարծես կուզ ուղտերն են կարավանին,
Անապատին մեջ ժայռերու փոխված:

Կը լվա ջուրն հի՛մը տուներուն գեջ`
Փոշի առ փոշի ծեփը լիզելով:
Երկու կըղմինդրի անջրպետին մեջ
Կ’ածե սլականջն ի՛ր ձվերն ալեխռով:

Պատուհաններուն տակ ջրանցներ շափյուղա
Հայլի են կարծես` զոր ծովն է հըղեր,
Ուր աստղերուն մեջ, լուսնին քով, կըրնա
Վենետկուհին իր դեմքը զետեղել:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 19:40 | Сообщение # 21
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Որմերուն ըստվերն հևհև կը նազի
Ալիքներուն վրա, ալիքն` որմերու:
Տունը ջուրին մեջ նորե՛ն կը սկըսի,
Միշտ քայքայվելով` առանց փըլչելու:

Դըռներուն խոնավ շեմը կոնտոլ մ’է.
Անզույգ Քաղաքին անզո՛ւյգ կարկուրա,
Որ գիշերվան մե՛ջ ճակտին կը կըրե,
Միակ աչք մ’հրեղեն, փայտե՛ կիկլոպա,

Որ լորտուի պես սև, սողագընաց,
Կամուրջներուն տակ կը սահի կ’անցնի,
Ինչպես զըղջումին տակ մե՛ղքն ամոթխած...
Ա՛յս տարբերությամբ` որ մեղքն աչք չունի:

Ահա Մեծ-Ջըրանցն, ո՛վ Քաղաք-դըշխոդ,
Որ կոր երիզով քեզ կը պարուրե,
Իբր Ադրիականն իր թևը կապույտ
Վիզըդ անցըներ` որ թուշդ համբուրե:

Սուրբ Մարկո՛սն ահա, թանգարան անհուն
Գեղարվեստներու, բրածո սուրբերու.
Անոր կից պալա՛տն ահա տոժերուն.-
Խորանը գահեմ քայլ մըն է հեռու:

Ահա Փիոմպիններն` որոնց տակ հավետ
Այսօր կը մընչեն տատրակնե՛ր հըլու.-
Երնե՜կ քեզ անկմանդ մեջ իսկ, ո՛վ Վենետ,
Բանտերդ են փոխված թըռչնո բույներու:

Եվ ա՛յլ տաճարներ, ա՛յլ ապարանքներ,
Կոթողներ կրոնքիդ, հանճարիդ հըսկա.
Ալիքներ անոնց առջև կ’երգեն դեռ
Փառքդ անցյալ` գըրված ծովերուն վրա:

Ու Հառաչանքի կամուրջն ավասիկ,
Կամուրջն` որուն վրա, իրիկնադեմին.
Ծիկը լըսեցի ջուրերուն հեզիկ`
Երբ կու գար աչքերս համբուրել քամին:

Կանգնած` արևուն առջև մայրամուտ`
Սերտեցի գույներ, շողեր մեղմընթաց.
Քու երկընքիդ մեջ և քու ջուրերուդ`
Հոգիս նըկարչի վըրձին մ’էր գըտած:

Ո՜րքան ալիքներ, ալիքներ լաժվա՜րդ,
Ալիքներ նարի՜նջ, հակի՜նթ ալիքներ...
Ո՛վ Վենետիկ իմ, Լըճակըդ զըվարթ
Թիցիանոյի երանգապնակն էր:

Պիտի քընարս իմ քեզ հիշե հավետ,
Քու փառքըդ մուրճի, փառքըդ վըրձինի.
Պիտի հիշե և՛ խուցն այն տըխրավետ
Կանանչ ջրանցին վրա սուրբ Գարմինիի:

Իր պատուհանին ձողերուն առջև
Էր` որ ես լացի, նայելով լուսնին,
Կամքըս բանտարկված: Հոն սիրտս հև ի հև
Ըմպեց հեռացող երգը ձըկնորսին:

Դարձյալ անկից էր` որ ես առջի հեղ
Տեսա Լինտան, կույսն ատամներով բրինձ,
Որ նըստած իր հոր նավակին մեջտեղ`
Կը հյուսեր ուռկան մ’ու կը ժըպտեր ինձ...
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 19:41 | Сообщение # 22
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԱՌԱՋԻՆ ՄԵՂՔԸ


Ձորերուն մեջ, սարերուն վրա կ’րածեր
Ան ամեն օր ուլն իր կապույտ աչքերով.
Ոտքերը մերկ էին և միշտ ալ վըստահ
Մեն մի քայլին շուշանի վրա կոխելու:
Ճերմակ կրծքին մերկության վրա վիժանուտ
Ոսկի հերքեն կը ծորեին ծոթրիններ.
Ո՛չ մըրտենին և հասմիկները գըլխուն
Կը թոշնեին, ո՛չ ալ վարդերն այտերուն.
Ան միշտ կ’երգեր, ու երգն իր
Կը ծիծաղե՜ր սըրտին մեջ:
Իր ըզգեստիկը կապույտ
Երկընքի մեկ ջինջ կըտորեն էր ձևված.
Եվ հովվական իր ցուպն էր օձ մը բրածո`
Քարացա՛ծ օձ, որ իր մաքուր ձեռքին մեջ
Դեղձիի ճյուղ մը եղավ:
Երբ վըտակին եզերքեն
Ան կը քըշեր ուլն իր կապույտ աչքերով`
Ծառերուն մեջ` գաղտագողի` լուսնկան
Իր ետևեն կը քալեր.
Եվ լուսնկան տարփատենչ բիբն էր գուցե
Եհովային, կույսերու հի՛ն Սիրահար:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 19:42 | Сообщение # 23
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Բայց իրիկուն մ’ան հովտեն ձայն մը լըսեց`
Որ զինքը, վա՛րն, աղբյուրին քով կը կանչեր.
Երգ մ’էր կարծես, ա՜յնքան աղվոր և դյութիչ`
Որուն իր ուլը ճերմակ
Վիզը տընկած, խոտը բերանն, ունկընդրեց.
Նոր երգ մ’էր ան` որ կ’ըսեր.-
«Ճերմա՜կ աղջիկ, ճերմա՜կ աղջիկ, վա՛ր եկուր,
Եվ աղբյուրին քով ուլդ ինծի զոհ ըրե:
Թըզենիին շուքին տակ,
Ճերմա՜կ աղջիկ, ճերմակ ուլդ ինձ զոհ ըրե:
Այս լեռներուն ես Ոգին եմ լիազոր,
Իմ շունչիս տակ` թե ուզեմ`
Գետեն արծա՛թ կը հոսեն
Եվ հեղեղները` ոսկի.
Հասած տեղն իմ համբույրիս
Կ’անցնի սարսուռն` որ բաղձանքն է ծնունդին.
Իմ գըրկիս մեջ շուշաններ վա՛րդ կը դառնան,
Եվ կույսերն ալ` թագուհի:
Ես քու զոհիդ արյունեն
Դաշտերն ամբողջ ծաղիկներով կը լեցնեմ,
Եվ ուլիդ տեղ թիթեռնիկներ կ’արածես.
Ճերմա՜կ աղջիկ, ճերմա՜կ աղջիկ, վա՛ր եկուր»:
Ան լսեց այս ձայնը, երկա՜ր ու երկա՜ր,
Որ կարծես իր արյունին մեջ կը խոսեր.
Լըսեց ու, լուռ, աստղերուն տակ հառաչեց:
Հետո դյութված` ցուպն առավ
Ու քըշեց ուլը ճերմակ`
Բըլուրեն վար` դեպի հովիտն հեշտաբույր:

Հո՛ս է աղբյուրն, հո՛ս թըզենին, և կը զգա՞ս
Արու Ոգին` որ ծոթրինի և թյումի
Ըզգըլխիչ հոծ բույրերով
Գըրկեր է քեզ: -Զոհդ ըրե՛:-
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 19:43 | Сообщение # 24
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Ջինջ ու ողորկ քարերուն վրա աղբյուրին`
Ծունկին վերև ան պառկեցուց ուլն` որուն
Փոքրիկ եղջյուրն ավազին մեջ խըրեցավ:
Ո՛հ, ի՜նչ արբշիռ էր պահն ու որքա՜ն անույշ.-
Ան կը հավտար թե զոհելեն վերջը դեռ
Պիտի ուլն իր ողջ մընա,
Պիտի մարգին մեջ պապաչե և ոստնու:
Ան` մահն ի՛նչ էր` կ’անգիտանար,-ու երգե՜ց
Երգեց բնության ներշնչման տակ մեկն այն մեծ
Հաճույքներեն` զոր կու տա
Զոհագործումը անձին.
Երգեց գարունն հասակին,
Դաշնակությունն իր էության, և առանց
Ուլին կապույտ աչքերուն
Աղիողորմ նայիլն իրեն` տեսնելու,
Դրավ դանակն անբիծ վըզին, և արբշիռ,
Երգը շուրթին` զայն հեշտանքո՛վ մը զոհեց:
Ծունկին վըրա այն մոլորիչ Ոգիին`
Ճերմակ աղջիկն իր ճերմակ ուլը զոհե՜ց:

Բայց իր զոհեն նոր ծաղիկներ չըբուսան,
Եվ ինք չեղավ թիթեռներու հովվուհի.
Պըղտորեցավ աղբյուրն ուլին արյունեն`
Ուր ջուրին հետ պիտի ան ալ չըկըրնա՛ր
Խըմել աստղերը ցոլացիկ երկընքին.
Խոտերուն մեջ ցուպն հագավ
Իր նախկին բնույթը օձի.
Լուսինն իջավ լեռնեն վար,
Եվ ինք մութին մեջ, սարսռուն,
Բոբիկ ոտքով մեռա՜ծ ուլին քով կանգնած`
Լացա՜վ, լացա՜վ, և արյունլվա ձեռքերով
Իր թաց աչքերը շըփեց,
Մինչ գըլխուն վրա կը թոշնեին հասմիկներն,
Հրապուրված կույսն իր անույշ Մեղքը լացավ:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 19:43 | Сообщение # 25
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԱՆԱՀԻՏ


Խոտին մեջ է թաղված բագինդ: Չեն ծըխար
Խունկերն անույշ, զոհն այնտեղ չի՛ արյունիր:
Կուգա լոկ բույր մը համպար
Խորխի` զոր հոն թողեր է օձ մը կարմիր:

Հոն կը նըստիմ, խո՛նջ ուղևոր: Ձիս կ’արծի,
Եվ Վահագնի զամբկին կարծես հոտն առած`
Կտղուցեն խոլ կը խանձի:
Բայց արևեն մեզ չի գար ոչ մեկ աստված:

Անհետացան անդարձ խորերն անտառին
Քուրմերը լայն թեզանիքով: Չի՛ երգեր
Ծիծերըդ` վինը Վրույրին:
Բագինիդ շուրջ կը հեծկըլտան եղեգներ:

Չես հանգրըճեր պատմուճանդ ալ. ո՛չ մեկ վիթ
Նիզակահար` կը ներկե ծունկդ արյունով:
Թանգարանին մեջ անդրիդ
Կը տաղտկանա, և չի՛ պսակվիր գարունով:

Բայց դուն կ’ապրիս, պիտի ապրիս հավիտյան,
Ո՛չ երկրիս վրա, երկինքի՛ն մեջ, Անահի՛տ:
Ահա կը ծագի լուսընկան,
Եվ կը ծագիս դարձյալ` մահիկը ճակտիդ:

Քեզ կը տեսնեմ աստղերուն մոտ: Ծիծերեդ
Լույս կը հոսի աղբյուրին մեջ` ուրկե խմող
Եղնիկին դունչը նամետ
Եվ եղջյուրները կ’օծանվին ոսկեշող:

Վա՛ր կը նայիս.- օրիորդները վարար
Կը զգաստանան. գինիին տաշտը կ’իյնա
Բագոսուհվույն ուսեն վար:
Կ’աղոթե կույսը ծընրադիր մահճին վրա:

Կապարճդ ուսիդ, լարած աղեղըդ լայնշի`
Կը վարես սայլը լուսնակին լըռելյայն...
Կյանքն անտառին կը շարժի.-
Ձեռքիդ ջահեն վախցած` գայլերը կ’ոռնան:

Կ’երազե դաշտն.- ու կոկոնները վարդին,
Փըքիններուդ խայթին ներքև, մի առ մի,
Բերանիդ պես կը բացվին:
Կ’եռա ավիշն այգիին մեջ վաղեմի:

Կ’հոսես ծիծերդ, կ’անցնիս կ’երթաս,- բայց մարդիկ
Չե՜ն պաշտեր քեզ. տա՛րըր մը սոսկ կ’ընդունին:
Քանդած են հովն ու ալիք
Մեհյա՛նըդ իսկ Քերսոնեսի ափունքին:

Միայն, գիշերն, որսական շունըդ լըքված
Կը տեսնե վերն անցքըդ, մահիկը ճակտիդ,
Ու բագինիդ վրա նըստած`
Կը նայի քեզ և կու լա, ո՛ Անահիտ:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 22:34 | Сообщение # 26
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԱԿԱՆՋՆԵՐՈՒՆ


Մարգարտածո՛ց ականջներ, գանգուրներուն տակ սիրուն,
Ամենանուրբ մասն եք դուք իմ նըրբագեղ մարմինին.
Լոկ դո՛ւք կըրնաք հաղորդել երգը քնարիս լարերուն
Իր ըսքողված հոգիին:

Թիթեռնիկի՞ կը նմանիք, թե՞ ծովամույն խեփորի`
Որ խըմած է բուստին լույսն և նըվագներն անդունդին.
Ա՛յնքան փոքրիկ եք` որ տղեկ մ’իր ափին մեջ աղածրի
Պիտ’ ամփոփե ձեզ դյուրին:

Ո՛վ բավիղներ նըրբակերտ, ո՛վ ոլորտներ վարդագույն`
Որոնց մեջեն, չեչքարե մը վար թորող ջուրին նման,
Բոլոր ձայներն աշխարհի կ’հասնին մինչև իր հոգվույն
Եվ խորհուրդնե՛ր կը դառնան:

Ուշիմորեն կ’ամփոփեք ձեր ձագարին մեջ բյուրեղ
Անծանոթ խոսքը բոլոր դաշնակավոր իրերուն,
Հեռավոր երգն աստղերուն, որ անհունին մեջ լուսեղ
Կը ծովանա՜ փողփողուն:

Երբ ձեր քունքին առընթեր բռնեմ ճըրագս ադամանդ`
Աղավնյակի մը կարմիր սըրտին նըման բաբախուն,
Թափանցկությամբ մը վճիտ կը բըռընկի ձեր թաղանթ
Կակաչի պես հըմայուն:

Սըրտիս վըրա՛, ականջնե՛ր, խոնարհեցեք սըրտիս վրա՛.-
Դեռ չերգըված կույս երգեր հոն կը բզզան անհամբեր`
Ինչպես քընքուշ և խըլրտուն բըժոժներուն մեջ ոսկյա
Լուսակարոտ թիթեռներ:

Եվ թողե՛ք, գո՛ղտր ականջներ, ձեզ համբուրեմ զգայնոտ,
Տամուկ լեզվովըս հըպիմ խորշերը ձեր սատափյա,
Որ ան սարսռա անպատում հեշտանքներով ջըղայնոտ`
Քընարիս պես դյուրազգա:

Թո՛ւյլ տվեք ձեզ ողբերգեմ` Գեղեցկության դաշույնին
Բյուր հարվածներն հոգվույս մեջ, և զույգ մ’արցունք աչքերես
Տըրտմորեն վար կախեմ ձեր բըլթակներեն փափկագին`
Իբրև օղեր` ընծա ձեզ:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 22:35 | Сообщение # 27
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՍԱՆԴՈՒՌՆԱԿԱՆ


Այս իրիկուն նորեն Քաղաքն հեշտանքի,
Ծովափին վրա, գոհարազարդ բոզի պես,
Անթիվ ջահերն իր կը վառե: Երբ տակավ
Հըռընդյունները սըղոցին կը լըռեն,
Եվ սալին վրա մուրճերն ալ չե՛ն կայծկըլտար:
Ան` խորտակված սափորեն հա՛նկարծ թափվող
Հին գինիի մը նըման`
Կը փըրփըրի, կը պըղպըջա իր կարմիր
Կիրքերուն մեջ:-Երեկոյան խորշակով
Բըլուրներեն այգեվետ
Հոտ մ’ողկույզի փողոցներն հորդ կը լեցնե,
Ու կըծու աղը ծովուն
Կու գա ռունգերը գըրգըռել կըտղուցի.
Այն ժամանակ մեհյաններեն դուրս կ’ելլեն
Քըրմուհիներ սանդուռնական տոներուն.
Կ’անցնին կիներ` վարդ դըրած
Իրենց քունքին ու գոտիին վրա արծաթ.
Կ’անցնին մարդիկ, նըվագներով ու պարով.
Պոռնիկ մ’հանկարծ, անոնց մեջ,
Կ’արձակե հերքն իր կըրունկները մինչև,
Եվ լողալով գանգուրներուն ծովին մեջ,
Կը ծիծաղի՜, կը ծիծաղի՜ խելահեղ
Երեսն ի վեր քարձ կավատի մը հարբած:
Քաղքին պատերն ամբարիշտ
Կարմրաշառայլ լույսով մ’ամբողջ ծեփված են.
Եվ նըռնենին, լապտերներով պաճուճված,
Պատըշգամբին տակ կը ծաղկի հեշտօրոր:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 22:35 | Сообщение # 28
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
Սալարկներեն վար գինինե՛ր կը հոսին.
Տան շեմերն են թըրջըված
Մամացներով ու մաղձով.
Դուռներեն վար կը կախվին
Հոմանիի դրասանգներ.
Եվ գիշերվան լոգարանները բոլոր
Կը քըրտընին գըմբեթներովը իրենց`
Որոնց ներքև կը թալկանա հեշտությունն
Ու կը զեղուն կոշարաները զըմուռս.
Ամփիթատրին մեջ, փըրփրած,
Կ’հոսի արյունն, ու մեհյանին մեջ ծածուկ
Կը հոշոտվի հազածոն.
Բոզնոցներուն դրան առջև`
Որոնց պագշոտ ծերպերեն
Թըխակարմիր շառայլներ դուրս կը նշողին`
Կիներ պառկած` կ’ունկընդրեն
Փողոցներեն անցնող ձայները դափին,
Ու տըռփագին ու զոշաքաղ ակնարկով
Կը խայտացնեն պորտերնին...
Բոլո՛ր, բոլո՛րը կ’ընեն
Սանդուռնական գինարբուքները` մինչև
Արշալույսին ծագիլն արյան քողերեն:
Պալատներուն մեջ` խըրա՛խ
Պողոտային վրա` շուրջպա՛ր,
Եվ մըթընշաղ անկյուններուն մեջ, ավա՜ղ,
Ումպետ հոսումն ուղխորեն
Առնական գա՛ղջ սերմերուն:
Գերիներ, մերկ, ներբաններին այրելով,
Հըրաբորբոք կուպրին վըրա մայթերուն`
Կը հայթայթեն, վազն ի վազ,
Խեժն այդ փըրփրած հըրդեհին.-
Ոմանք ըշտապ կը տանին
Համադամներ, ոմանք գինի` փարչերով.
Խառնածին մ’իր գոգին մեջ
Ծաղկի պսակները դիզած`
Կ’երթա արբշիռ ճակատներն իր տերերուն
Արտախուրել բաղեղներով, վարդերով.
Եվ Պահլավուն մը հուժկու`
Կույս մը շալկած մազերեն`
Պատրիկներու ոսկեճամուկ սեղանին
Կը տանի զոհ մը իբրև...
Գինի, ռետին ու տըռփանք
Քաղաքին վրա, կը պանծացվին տավիղով.
Քաղաքի՜ն վրա, որ նըստած
Ափը ծովուն, գոհարազարդ բոզի պես,
Կը պըճնե ծոցն իր` ջահերով անհամար.
Եվ Քաղաքին վըրա ո՞ւր ես դուն, Է՜րոս.
Խա՞յթն էր ոսկի փըքինիդ
Որ շաղաշույտ այդ ժողովուրդը կըտղեց...
Ո՛չ, ո՛չ, Է՜րոս.- տատրակի պես տարագիր
Այդ Ոստանեն խույս տըվիր:
Աստվածներու կըղզիին մեջ` այժըմ դուն
Լուսընկային հետ, քնքշորեն կը հըսկես
Սոխակներու բույնի՜ն վրա:
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 22:37 | Сообщение # 29
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ԳԻՆԱՐԲՈՒՔԵՆ ՎԵՐՋ


Սըրահն է լո՜ւռ:-Կոչնականներն հեռացան:
Ջահերն ոսկի դեռ կը վառին մոլեգնած,
Եվ կը հեղուն, սեղաններուն վրա անձայն,
Արյունն իրենց երակներում բորբոքած:

Վինը լըռեց:-Կը թափառի նըվաղուն
Երգն իր վերջին`զոր հարբած սիրտը չըմպեց:
Անոնց բերնին վըրա և ցոփ աչքերուն
Կը սըփռե քունն իր չըղջիկի թևը մեծ:

Սեղանին վրա է ամեն ինչ ցիրուցան:
Սափորին մեջ կ’երազե մաս մը գինի:
Նուռ մը լըքված, ակռաներու վերքեր վրան,
Ջահերուն տակ, ջահերուն հետ կ’արյունի:

Եվ կը փըշրի բաժակ մ’հանկարծ, հեծելով
Լըռության մեջ: Զայն ճեղքած էր նախապես
Կինը մը արբշիռ` երբ կը ներկեր կըտղանքով,
Գինիին խորն, ատամներն իր, բուստի պես:

Ծաղկամանին մեջ կը թոռմին հիրիկներ`
Որոնց բույրով գուսանն եղավ սըրարբած:
Աթոռին վրա հողմահա՛ր մ’է մոռցըվեր`
Զերդ հոլաձև մեծ թիթեռնիկ մը մեռած:

Դուրս կը հոսին բաց մընացած դուռներեն
Գաղջ ալիքներն հալվեներուն և մուշկին:
Եվ քըրքիջներն ու կըտղուցներն համորեն
Հայլիներուն խորության մեջ կը մեռնին:

Կ’աշխատին հոն միայն երկու գերիներ,
Մին` աղախին, մյուսը` ծառա մ’անճոռնի,
Որ կը խըմե մերթ ավելցուկ գինիներն
Ու կ’համբուրե ընկերուհին, գողունի...
 
Վիկտորյա☆Дата: Ուրբաթ, 06.02.2015, 22:38 | Сообщение # 30
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 3475
Награды: 442
Статус: Օֆֆլայն
ՄԵՌԱԾ ԱՍՏՎԱԾՆԵՐՈՒՆ


Արյունափառ Խաչին տակ,
Որուն թևերը տըրտմություն կը ծորեն
Աշխարհիս վրա բովանդակ,
Ես պարտըված, Արվեստիս դառըն սըրտեն
Կ’ողբամ ձեր մահն, ո՛վ հեթանոս Աստվածներ:
Մեռա՜վ Խորհուրդն. և Բնությունն է արյունե՛ր
Օրենքներու կարկինին սուր սըլաքով:
Ձանձրո՜ւյթը մնաց, պըճնըված փուշ պըսակով:
Մարդն է ինկած, գարշապարին տակ հըսկա
Խուլ Աստուծո մը հրեա:

Դիո՛ս, մեռար: Մեռար դուն,
Ո՛վ Ապողոն, որուն կառքեն քառաձի
Կու գար խըրխինջն Արևուն:
Կայծակն անտեր` աստղերուն մեջ կը հածի
Կույր օձի պես: Սիրամարգներ չեն քաշեր
Հերայի սայլն` որ ուներ լույս սարիքներ.
Ոչ ալ կ’հոսին, իբրև սերմեր դիցական,
Զևսի անձրևն ոսկի, արյունն Ուրանյան:
Չե՛ն արծարծեր ոտնաթևերն Հերմեսին
Աստղերը որբ երկինքին:

Անտառին մեջ, Անահի՛տ,
Ալ չեմ լըսեր շանդ հաչյուններն` ետևեն
Նախընտրած գեր երեիդ.
Կապարճդ հողին տակ կը փըտի. լիճերեն
Ջուրն իր խըմել կ’երթա եղնիկը անվախ:
Չի՛ պըսակվիր Պանը շոճով. ամեն ցախ
Անոր շունչով նորեն առույգ չի՛ ծաղկիր:
Դափ չե՛ք զարներ, Այծեմարդե՛ր բարեկիր,
Լոկ կը տեսնեմ Ավանդություն` որ կու լա
Նըստած կոճղի մը վրա:

Հավերժահարսնե՛ր, մեռաք դուք.-
Կը խածատեն փըրփրուն գետերը` ցավեն,
Իրենց ափերն հեղհեղուկ:
Նայուհինե՛ր, եղեգներուն ընդմեջեն
Ա՛լ չեք երգեր` երբ որ ցաթե լուսընկան.
Կանանչ լոռերն այժըմ կ'’ըլլան ձեզ պատան:
Լուսազմայլիկ աղբյուրին մեջ չեմ տեսներ
Բիբերուդ կայծն, անբա՛խտ Նարգիս: Տատրակներ
Երբ գուռին մեջ կու գան լըվալ կըտուցնին`
Դոդոշներեն կը խըրտչին:
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Դանիել Վարուժան
Էջ 2-րդ 6-ից«123456»
Որոնել: