Էջ 6-րդ 6-ից«123456
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Դանիել Վարուժան
Դանիել Վարուժան
ԽուՃուճիԿ(ՃուՏնԱ)Дата: Հինգշաբթի, 02.07.2015, 14:20 | Сообщение # 76
Группа: Ջնջվածները





1905 թ. տպագրության է ներկայացրել մի նոր ժողովածու՝ «Սարսուռներ», որտեղ առաջին անգամ ստորագրել է՝ Դանիել Վարուժան։ Սակայն Մխիթարյան հայրերը հարմար չեն գտել ամբողջապես հրատարակել այն։ Բանաստեղծությունների մի մասը նույն թվականին լույս է տեսել «Գեղունի» և «Բազմավեպ» հանդեսներում (1905)։ «Գեղունի»-ում տպագրվածները 1906 թ. հրատարակվել են Վենետիկում՝ «Սարսուռներ» խորագրով։ Ժողովածուն Սիամանթոյի բանաստեղծական շարքերից հետո բերում է նոր գաղափարներ ու նոր ոճ․ բնության, սիրո, անորոշ երազանքի տարածված մոտիվների փոխարեն ներշնչանքի աղբյուր է դառնում իրական կյանքը՝ մարդկային ճակատագրերով («Հիվանդ է»)։

Բանաստեղծը խորհում է ժողովրդի և անհատի, արվեստի և իրականության, բանաստեղծի և աշխարհի բարդ ու բազմազան կապերի մասին («Մուսային», «Ավազանին ձուկերուն», «Երազ և խոհ»)՝ արծարծելով մարդու տառապանքների հանդեպ բարության, անձնազոհության, հումանիզմի դեռես աղոտ գաղափարներ։ «Սարսուռներ»-ը որոշ իմաստով գեղարվեստական ծրագիր է, որտեղ նշմարվում են Վարուժանի ապագա ստեղծագործության գրեթե բոլոր հիմնական հատկանիշները։ Բանաստեղծը աշխարհը տեսնում է ռոմանտիկական սուր բևեռացումների մեջ, մտածում վառ արտահայտված պատկերների լեզվով, հոգեբանական ու առարկայական տեսարանները ներկայացնում հատու և խոշոր գծերով։ Շարունակում է ձևավորվել բանաստեղծական աշխարհայեցողության այն կերպը, որով բնութագրվում է մի ամբողջ գրական ուղղություն՝ հայկական նեոռոմանտիզմը, որն իր ամենացայտուն արտահայտությունը պիտի գտներ Վարուժանի ստեղծագործության մեջ։
 
ԽուՃուճիԿ(ՃուՏնԱ)Дата: Հինգշաբթի, 02.07.2015, 14:20 | Сообщение # 77
Группа: Ջնջվածները





Վարուժանի երկրորդ գիրքը՝ «Ցեղին սիրտը» (1909), նշանավորում է արևմտահայ բանաստեղծական մտքի զարգացման մի նոր աստիճան։ Ռեակցիայի ծանր տարիները մնացել էին ետևում։ 1908 թ. երիտթուրքական հեղափոխությունը ժամանակավոր հնարավորություն էր ստեղծել համախմբելու ցրված գրական ուժերը։ Գրական անհատի ներաշխարհի անձուկ ոլորտից դուրս էր գալիս կենսական լուրջ հարցադրումների ասպարեզ։ Վարուժանը դառնում է գրական նոր շարժման կենտրոնական դեմքը։ Ժողովածուի լայնահուն պոեզիան հնչեցնում է ազգային ու համամարդկային ցավի, վրեժի ու պայքարի երգը («Ձոն», «Նեմեսիս»)։ Քաղաքական ու սոցիալական ճնշման «Բագինին վրա» բարոյապես ու ֆիզիկապես ողջակիզվում է ոչ միայն հայը, այլև մարդն առհասարակ («Հայրենիքի ոգին», «Թիապարտները», «Վաղվան բողբոջներ», «Լվացարարուհին», «Ջարդը»)։ Վրեժի ու պայքարի «Կրկեսին մեջ» հերոսանում է ոչ միայն դարերով հալածված մի փոքրիկ ազգ, այլն իր վաղվա օրը կերտող մի ամբողջ մարդկություն («Վերածնություն», «Կռվի երթ», «Վահագն», «Դյուցազնի մը սուրին»)։
 
ԽուՃուճիԿ(ՃուՏնԱ)Дата: Հինգշաբթի, 02.07.2015, 14:20 | Сообщение # 78
Группа: Ջնջվածները





Ազգային-ազատագրության հույսերի արթնացման նոր ալիքը քաղական ու սոցիալական սուր շեշտվածություն է հաղորդում Վարուժանի բանաստեղծությանը, «Ցեղին սիրտը» ժողովածուի մեջ նոր ձևով ու բովանդակությամբ շարունակվում են Խ․ Աբովյանի, Ղ․ Ալիշանի, Մ․ Պեշիկթաշլյանի, Րաֆֆու ռոմանտիկական ավանդույթները։ Հայրենասիրությունը միայն զգացմունք չէ, այլև գաղափար, աշխարհայացք, գեղարվեստական մթնոլորտի կազմակերպման եղանակ, պոետիկական համակարգը ձնավորող սկզբունք։ Վարուժանը խորապես յուրացրել էր համաշխարհային հին ու նոր մշակույթի փորձը, երազում էր ստեղծել «մարդ էակին գիրքը»՝ իրար ձուլելով արևմտյան մտքի խստությունն ու արելյան երևակայության կանոնազանց ազատությունը, վենետիկյան գույներն ու ֆլանդրիական «բարբարոս իրապաշտությունը»։ Սակայն ժողովրդի քաղաքական ճակատագրի անհրաժեշտությամբ գեղարվեստական խոսքը պետք է դառնար պայքարի զենք, հագենար հրապարակախոսական տարերքով։ Այս հարկադրական ինքնօտարումը վերաճում է ստեղծագործող անհատի ներքին դրամայի («Տրտունջք»), որով բնութագրվում է ժամանակի արևմտահայ բանաստեղծությունն առհասարակ։ «Ցեղին սիրտը» հարազատ ժողովրդի «ծովածուփ արյան» և ճնշված մարդկության դարավոր տառապանքի աղաղակն է։
 
ԽուՃուճիԿ(ՃուՏնԱ)Дата: Հինգշաբթի, 02.07.2015, 14:20 | Сообщение # 79
Группа: Ջնջվածները





Վարուժանի յուրաքանչյուր նոր ժողովածու բաց է անում արվեստի նոր ուղղություն, բերում է նոր բովանդակություն ու ոճ, հաստատում գեղարվեստական ձևի նոր սկզբունքներ՝ դասականորեն ներկայացնելով գրական շարժման տվյալ պահի համար բնորոշ միտումները։

«Հեթանոս երգեր»-ը (1912) 1910-ական թթ․ ծայր առած «հեթանոսական» շարժման ամենաամբողջական արտահայտությունն է։ Այս հոսանքի էությունն ազատության, ուժի, գեղեցկության պաշտամունքն էր՝ ի հակադրություն տիրող սոցիալական ու բարոյական անկման, բարքերի ապականության, մարդու բնական նկարագրի աղավաղման։ Գրքի երկու բաժիններում («Հեթանոս երգեր» և «Գողգոթայի ծաղիկներ») Վարուժանը պատկերում է իրարից տարբեր և իրար հակադրվող երկու աշխարհ։ «Ասպետական դարերու, «մեծազոր կենցաղի» փառաբանությունը չէր նշանակում անցյալի իդեալականացում կամ պատմության վաղնջական ժամանակները վերադառնալու կոչ․ դա միայն գեղարվեստական պայմանականություն էր, որով բանաստեղծը մարմին էր տալիս ուժեղ, առնական, կատարյալ մարդու, ազատ, ներդաշնակ ու գեղեցիկ աշխարհի մասին իր իդեալներին («Գեղեցկության արձանին», «Վանատուր», «Հեթանոսական», «Օ՛ Տալիթա», «Արևելյան բաղնիք», «Մեռած աստվածներուն», «Հարճը»)։ Արվեստի հրաշքով նա փորձում է վերագտնել մարդկության կորցրած արժեքները («Բեգաս», «Լույսը»)։

Իդեալի այսպիսի բարձրությունից բուրժուական աշխարհը ներկայացվում է որպես մարդկային չարչարանքի գողգոթա։ Գործարաններում, հանքերում, աշխատանքի բորսաներում եռում է մարդկանց բազմամիլիոն բանակը, ապրելը վերածվում է գոյության ծանր հարկադրանքի։ Մարդն օտարվում է իր նախաստեղծ էությունից, «ոսկի հորթի» պաշտամունքը, կեղծիքը, սուտը եղծում են գեղեցկի մաքուր իդեալը՝ ապրելու երջանկությունը դարձնելով գոյության դրամա («Բանվորուհին», «Սպասում», «Ընկեցիկը», «Մեռնող բանվոր», «Մեքենաները», «Դադար», «Մայիս մեկ»)։
 
ԽուՃուճիԿ(ՃուՏնԱ)Дата: Հինգշաբթի, 02.07.2015, 14:20 | Сообщение # 80
Группа: Ջնջվածները





«Հեթանոս երգեր»-ի գեղագիտական համակարգի հիմքը վսեմի կատեգորիան է՝ հերոսականի, ուժի, գեղեցկի կոնկրետ դրսևորումներով։ Եթե կլասիցիստներն անտիկ ժամանակներում փնտրում էին քաղաքացիական արիության ու առաքինության օրինակներ, իսկ Լըկոնտ դը Լիլը՝ սոցիալական ներդաշնակության իդեալ, ապա Վարուժանի ստեղծագործության մեջ հեթանոսական կենցաղի դրվագները վերանում են իրենց պատմական ժամանակից, այդ յուրօրինակ գեղարվեստական իրականության մեջ անունն ու տարազը փոխած ապրում է ժամանակակից մարդը։

«Գողգոթայի ծաղիկներ» շարքը ընդհանրության որոշ եզրեր ունի Էմիլ Վերհարնի ստեղծագործության հետ։ Էական տարբերությունն այն է, որ եթե Վերհառնը համանման բանաստեղծություններում հետևում էր որոշակի սոցիալական ուտոպիայի, ապա Վարուժանի ակնկալած վերածնությունը չէր ենթադրում որևէ հայտնի սկզբունքով կազմակերպված սոցիալական իրականություն, հակառակ ակնհայտ դեմոկրատական կողմնորոշմանը՝ հայ բանաստեղծի իդեալը կապվում էր գեղեցկի, ներդաշնակի, բնականի թագավորության որքան հրապուրիչ, նույնքան էլ անիրական մի աշխարհի հետ։
 
ԽուՃուճիԿ(ՃուՏնԱ)Дата: Հինգշաբթի, 02.07.2015, 14:21 | Сообщение # 81
Группа: Ջնջվածները





Լիարյուն ու ներդաշնակ կյանքի, ուժեղ, առողջ, բնականորեն անեղծ մարդու իդեալը «Հեթանոս երգեր»-ից տարբեր, բայց էությամբ նույնական մի այլ աշխարհի սկիզբ է դառնում «Հացին երգը» (1921) շարքում, որի հղացման ազդակը Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» և Վերգիլիոսի «Մշակականք» պոեմներն են։ Սակայն Վարուժանն ստեղծել է ձևով ու բովանդակությամբ միանգամայն ինքնուրույն երկ։ Նրա նոր գրքի թեման հացի արարման պատմությունն է՝ հողագործի աշխատանքի ոգեշունչ փառաբանությամբ։ Ավելի լայն առումով «Հացին երգը» արտահայտում է մտքի ու մկանի աշխատանքով հայրենի եզերքն արգասավորելու, վերածնության ոգեղեն իդեալները հողեղեն մի սկզբի կապելու գաղափարը։ Մյուս կողմից՝ թեև «Հացին երգը» շարքում զգալի է հայ գյուղին բնորոշ կոլորիտը (բառապաշար, պատկերի կառուցման առարկայական ատաղձ ևն), բայց և այնպես ներկայացված գյուղաշխարհը չի կարելի կապել որոշակի աշխարհագրական միջավայրի հետ։ Բանաստեղծը թևակոխում է մի նոր եզերք՝ ընդարձակելով «Հեթանոս երգեր»-ում նվաճված աշխարհի սահմանները, այստեղ էլ քնարական մթնոլորտը շնչում է գեղեցկի ու ներդաշնակի որոնման պաթոսով, պոետիկական կառույցի հիմքը դարձյալ վսեմի կատեգորիան է, մասշտաբներն էպոսային վիթխարիություն ունեն («Մշակները», «Ցան», «Սայլերը»)։

«Հացին երգը» Վարուժանի ստեղծագործության մեջ որքան շարունակություն, նույնքան էլ սկիզբ էր․ բանաստեղծը ձգտում էր «Ցեղին սիրտը» և «Հեթանոս երգեր» շարքերի դասական արվեստի չափանիշները ձուլել ժողովրդական մտածողության տարերքին («Առաջին ծիլեր», «Ցորյանի ծովեր», «Հասուն արտ», «Հունձք կը ժողվեմ․․․», «Կամներգ», «Երնում»)։ Այս տեսակետից Վարուժանի վերջին գիրքը եզակի երևույթ է արևմտահայ բանաստեղծության մեջ։

Վարուժանը ծրագրել էր նաև գրել «Գինիին երգը» ն մշակել ամբողջ «Սասնա ծռեր» էպոսը, բայց ողբերգական մահը անկատար թողեց այս ծրագրերը։

Վարուժանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուս․, ֆրանս․, անգլ․ և այլ լեզուներով։
 
ԽուՃուճիԿ(ՃուՏնԱ)Дата: Հինգշաբթի, 02.07.2015, 14:21 | Сообщение # 82
Группа: Ջնջվածները





Ցեղին սիրտը, Դանիել Վարուժանի բանաստեղծությունների ժողովածուն, որ լույս է ընծայվել 1909 թ. Կ.Պոլսում։

Ժողովածուն բաղկացած է «Նախերգանք»-ից և «Բագինին վրա», «Կրկեսին մեջ» ու«Դյուցազնավեպեր» շարքերից։ Ժողովածուն նախապես ունեցել է «Վրեժին քուրմերը» խորագիրը. Դանիել Վարուժանն այդպես է անվանել այն հայորդիներին, ովքեր զենքով պաշտպանում են իրենց իրավունքը։

«Ցեղին սիրտը» ժողովածուի համար Վարուժանը բնաբան է ընտրել Մովսես Խորենացու «Հայոց պատմության» հետևյալ տողը. «Ընդ եղեգան փող բոց ելաներ...»

Ժողովածուի առաջին շարքում հեղինակը պատկերում է հայերի ջարդերը, պանդխտության մեջ գտնվող հայերին և այլն (Անիի ավերկներուն մեջ, Մարած օջախը, Կարոտի նամակ, Դիակի սայլը, Ծեր կռունկը, Կիլիկյան մոխիրներուն և այլն), երկրորդ շարքի բանստեղծությունները պայքարի ու հաղթանակ նվաճելու կոչեր են (Հաղթողը, արյան հաղթանակ, Դյուցազնի մը սուրին, Վահագն, Կռվի երթ, Առաքյալը և այլն)։ «Դյուցազնավեպեր» շարքում ընդգրկված են երեք պոեմներ՝ «Հովիվը», «Արմենուհի», «Եիկիտ Տոնել»։
 
✞❤Poghosyan✞❤Дата: Ուրբաթ, 06.11.2015, 18:15 | Сообщение # 83
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ

Ապարանքին մեջ մարմար կախարդական Երազին,
Ու աստղակուռ ջահեր լույս անձրևելով կը վառին,
Ես Արքա մ’եմ այս գիշեր Արևելքի ճոխությանց,
Եվ ունիմ գահ ու գանձեր, ճերմակ կիներ հերապանծ:
Բազմոցիս վրա` զարդարված հովազներու մորթերով`
Գըլուխս հեցած դաստակիս, և հեշտության մեջ գինով,
Ընկողմանիկ կը դիտեմ Չերքեզուհի մը անձնյա`
Որ կը պարե իմ առջև, մարգարտահեռ գորգին վրա:
Իր հոտևան մազերեն և մարմինեն ծալ ի ծալ
Կը հոսի ծով մ’հեշտության` ուր կը սիրեմ ես լողալ:
Ըզգեցեր եմ փառահեղ պատմուճաններս ըսպիտակ
Բանված հազար աստղերու արցունքներովը սուտակ.
Շուրջը գլուխիս փաթթեր եմ ապարոշս իմ ձյունափայլ`
Ծանըր` նըման իմ փառքիս, հանճարիս պես` բյուրածալ:
Մատնիներով ադամանդ ծանրաբեռնված ձեռքիս մեջ
Համրիչըս հի՛ռ կը գըլեմ մեծ սաթերով փողփողեջ:
Ինկեր եմ վար ոտքերես անխնամ գորգին վրա քըրքում
Հողաթափերս ոսկեհյուս և թաշկինակս ապըրշում:
Իսկ զետեղված է իմ քով, կենսաժըպիտ, փըրփրադեզ,
Հըսկա բաժակըս գինվո` որ հըրաշքով մը կարծես
Դեռ նոր հոսված արյան պես կը պըճըլտա իմ առջև:
Սակայն բիբերըս ծարավ գույն ու մարմնո գեղաձև`
Մագարեի մ’աղոթող բիբերուն պես տեսլացած`
Անհունորեն սուզեր են հորձանքին մեջ ճախրասլաց
Այն թըխաչվի աղջըկան, Չերքեզուհվույն համպարե`
Որ իմ առջև կը պարե՜, միշտ կը պարե՜, կը պարե՜…
Իր շարժումն հո՛ւյլ է երբեմն, ու իր հասակն է նըման
Հողմնասարսուռ եղեգին, բույր ու փըրփուր, երգ համայն.
Իսկ երբեմն ա՛յնքան զորեղ թափ մը կու տա ոտքերուն`
Որ խարույկված բոց կ’ըլլա` քամիներն ծըփծըփուն:
Օ՜, ան միսին ձևերուն և ծալքերուն հանճա՜րն է.
Գիտե հեղուլ հորդառատ նայվածքներե, մարմինե
Բոլոր հրապույրը կընոջ և տըռիփները հեշտին`
Որոնք նըման ծովերու առջևս անզուսպ կը փըրփրին:
Ու կը պարե՜, կը պարե՜, հորձանապտույտ կը պարե՜…
Քըրտինքներով կը պըտղի ճակատն հըստակ փայլարե:
Վեհ հասակն իր կախարդի` մազերուն տակ ծածկըված`
Ուռենիին խռովքն ունի` լըճակին վրա ցոլացած:
Մերթ դեպ ետև կը թեքի, մերթ ալ դեպ ի ընդառաջ.
Հազիվ եղած շամբ ճըկուն, կ’ըլլա բարտի մ’աննըվաճ.
Եվ մերթ ցընցուն ոստումով` կարծես իրանն հրաշագեղ
Հանկարծակի կը փշրե փոշիաբար զերթ բյուրեղ.
Ու հազիվ հազ դաշնակում մ’իր մարմինեն եղծանած`
Նոր թեքումով կ’հորինե նո՛ր դաշնակում մը հանկարծ:
Մարգարտահեռ մուճակներն, ուր ոտքերն իր ձուլվեր են,
Կարծես հազիվ կը հըպին գորգին վըրա նըկարեն.
Ու իր հատուկ ճախրանքեն կառնու հով մ’ա՛յնքան ծավալ
Որ կը մարե երդումն հա՛պ, ու կ’արծարծե երբեմն ալ
Իր ականջին օղերուն փայլատակները լազվարթ
Ու իր բոլոր քայռերուն ճառագայթները զըվարթ:
Ու կը պարե՜, կը պարե՜, կատաղորեն կը պարե՜,
Միշտ հըպատա՛կ ցոփ կամքիս` որ զինք ընդմիշտ կը վարե:
Գլուխեն վե՛ր կը նետե նուրբ պատմուճանն հապըշտապ.-
Կը մերկացվին ըստինքներն ու պարանոցը կարապ,
Ու որովայնը բարի` իր սև պորտով կընքըված,
Եվ հույր բումբերը, բոլո՛ր մյուս մասերն առեղծված
Համակ խորհուրդը միսին ու իր անճառ ձևերուն`
Ուր դըրեր է իր վերջին հանճարը միտքն Աստըծուն:
Երբ կը տեսնե իր աչքով մերկությունն իր բյուրեղյա`
Հրապույրներու այդ բոլոր շռայլման վըրա կ’ամչընա.
Այն ատեն ցունց մը կու տա փոթորկալից մազերուն`
Որոնց քամին թափընդթափ կ’երթա մարել սըրսըփուն
Ադամանդե ջահերն այն մարմարակերտ պալատին,
Մարմարակերտ պալատին ձեղնալույսերը ռեդին:
Ո՜վ մերկություն հրաշագեղ, Հավերժահա՜րս ամոթլյած`
Որ խորհուրդի մը նըման մըթության մեջ ես ղողված…
Այն ժամանակ կ’ոստնում վեր կիրքերուս մեջ ծարավի`
Թողլով որ ձյուն ապարոշս իյնա ոտքիս տակ լուծվի:
Մըթարին մեջ առխարխափ Չերքեզուհին կը գտնեմ`
Առաջնորդված իր կուրծքին հևքերեն բուռն ու վըսեմ,
Եվ քըրտնաթոր դաստակեն պինդ բըռնելով` մեկուսի
Կը պառկեցնեմ բազմոցիս մորթերուն վրա հովազի:
Օ՜, մագնիսով և լույսով թըրծուն մարմինն աղածրի`
Որ թևերուս մեջ կաթի, արյունի պես կը փըրփրի.
Օ՜ իր մազերն հոդածուփ` որոնց մեջ ես կը լողամ
Խորը անոնց խեղդվելու վըտանգներով հարաժամ,
Օ՜ ջերմությունը սատափ բազուկներուն տարփակեզ`
Որոնցմով վիզըս զորեղ կը պարուրե օձի պես:
Հուսկ իրարու կ’միանանք մենք համբույրով մը հըզոր…
Երբ կը ծըծեմ բերնիս մեջ առած շըրթներն իր բոսոր,
Երբ ժամերով կը քամեմ բյուր երակներն, հուլորեն,
Օ՛հ, այն ատեն ճաշակած կ’ըլլամ կարծես համորեն
Հին դարերուն հեթանոս դահամունքներն հազածո,
Հընդկաստանի համեմնե՜րն, համայն խունկե՜րն Արաբիո:
 
Psto)Дата: Կիրակի, 29.11.2015, 18:02 | Сообщение # 84
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
Տնակըս բույրո՜վ լեցվեցավ,
Զի ծոթրիններ ծորեցան
Պատմուճանին քըղանցքեն,
Զի արևով օծված ոսկի մազերեն
Բուրյան մեղրեր ծորեցան.
Եվ բիբերեն` մարգրիտներու պես փաղփուն`
Թափթըփեցան ասուպներ.
Տնակըս լույսո՜վ լեցվեցավ:

Մեզ գըրգարան շինեցի.-
Գարնան բոլոր վարդերը գոգ գոգ բերած`
Հարդարեցի մեր անկողինն հիմենի.
Նունուֆարներն` որոնց ծղոտները կակուղ
Հոտող սուրիս ներքև արյուն ծորեցին`
Մեր գըլխուն տակ բարձ եղան.
Ծաղիկներովն հողին և ջինջ ջուրերուն,
Աղվամազով տատրակներու դունչերուն
Մեզ գըրգարան շինեցի:

Վարդերուն վրա փըրփրեցավ
Իր մերկությունն երե՛ք անգամ կաթնային:
Հընդկաստանի յուղերով
Լույսերու պես օծեցի շեկ վարսերն իր.
Եվ ծալերուն մեջ մարմինին` իմ բոլոր
Խընկամաններըս քըրմորեն պարպեցի:
Ան, առաջին համբույրիս տակ խըռոված,
Օշնանի պես պըղպըջուն
Վարդերուն վրա փըրփրեցավ:

Ու քընացավ կուրծքիս վրա…
Օ՜ մատերս իմ` որ ժամերով լողացին
Մազերուն մեջ հորդառատ.
Օ՜ բերանն իմ` որ բերնին վրա ըզգըլխիչ`
Խըմեց սափորն իր սըրտին:
Իրար հյուսված մենք բաղեղներ խանդակաթ
Ծաղիկներուն միջև հե՛ղ մ’ալ ծաղկեցանք:
Ան քընացավ կուրծքիս վրա…

Կարապներն ա՛լ թուխս նըստան.
Եղեգնուտին մեջ քամին մեղմ նըվագեց
Ծըլարձակման մեծ օրենքները Գարնան.
Նունուֆարի հոտված ծղոտները դարձյալ
Ջուրին մեջեն արձակեցին փթիթներ:
Մերին սըրտերն ունկընդիր
Իրարու մեղմ տըրոփյունին` նընջեցին.
Եվ լիճին խորն, աստղերուն վրա թևամփոփ,
Կարապներն ա՜լ թուխս նըստան:
 
✞❤Poghosyan✞❤Дата: Կիրակի, 29.11.2015, 22:42 | Сообщение # 85
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
Բովանդակություն

ՀԵԹԱՆՈՍ ԵՐԳԵՐ
ԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԻՆ
ՎԱՆԱՏՈՒՐ
ԵՐԵՔ ՔՈՒՅՐԵՐ
ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ
ԿՂԵՈՊԱՏՐԱ
ՋՈՒՐԻՆ ՎՐԱ
Ո՜ ՏԱԼԻԹԱ
ԱԴՈՆԻՍԻ ՄԸ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԲԱՂԱՆԻՔ
ԳՐԳԱՆՔ
...Ո՛Վ ԼԱԼԱԳԵ
«ՕՐՀՆՅԱԼ ԵՍ ԴՈՒ Ի ԿԱՆԱՅՍ...»
ՀԻՆ ՍԵՐ
ՎԵՆԵՏԻԿ
ԱՌԱՋԻՆ ՄԵՂՔԸ
ԱՆԱՀԻՏ
ԱԿԱՆՋՆԵՐՈՒՆ
ՍԱՆԴՈՒՌՆԱԿԱՆ
ԳԻՆԱՐԲՈՒՔԵՆ ՎԵՐՋ
ՄԵՌԱԾ ԱՍՏՎԱԾՆԵՐՈՒՆ
ԲԵԳԱՍ
 
Psto)Дата: Երկուշաբթի, 30.11.2015, 23:08 | Сообщение # 86
Генерал-лейтенант
Группа: Ակտիվ մասնակից
Сообщений: 757
Награды: 346
Статус: Օֆֆլայն
9
 
✞❤Poghosyan✞❤Дата: Չորեքշաբթի, 02.12.2015, 23:38 | Сообщение # 87
Генералиссимус
Группа: Օգտվողներ
Сообщений: 2058
Награды: 7127
Статус: Օֆֆլայն
ՎԱՆԱՏՈՒՐ

...Ամենաբեր նորոց պտղոց տոնից
հյուրընկալ դիցն Վանատրի.
ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ

Նըստած պարարտ եզիդ վրա, ո՛ Վանատուր,
Մեկ ծագեն մյուսը կ’անցնիս
Հայրենական դաշտերուն:
Մեռա՜ն բոլոր մեծ աստվածները, իրենց
Բագիններուն վըրա մամուռը կ’աճի:
Անմահ եղար դո՛ւն միայն
Նըման հողին և կըրակին, ու նըման
Օվկիանոսի աղերուն:
Ուսերուդ հիր պատմուճանեն դեռ կու գա
Գինիի հոտն Ամանորի տոներուն:
Հակառակ ա՜յնքան դարերու ավերին`
Բիբերըդ դեռ զըվարթություն կը բըխեն.
Ու կենեղուտ դեմքիդ վրա
Արբեցողի կարմիր ծիծաղն է ծեփված:
Ու երբ պարարտ եզիդ վըրա կ’այցելես,
Ծաղկամիսեն Միգաբեր,
Անեզրությունն հայրենական դաշտերուն`
Կ’հոսի ալի՛քը կյանքին
Ակոսներեն հայրենակա՜ն դաշտերուն:

Ահա գարունն ու զարթումներն իր առույգ,-
Հիրիկներո՜վ պըսակվե, ո՛ Վանատուր:
Ճամբուդ վրա ճառագայթներ կը հոսին
Երակներո՛ւդ պես զեղուն.
Եվ կը թաղվին կանանչին մեջ ցողաթուրմ
Բոլոր քարերն ըսպիտակ:
Կըտուրներեն գեղջկական
Կը բարձրանա ծուխը, խունկի պես խաղաղ:
Թող ես վարդով և ուլունքով գեղաշար
Քառամանյակըս կախեմ
Պարանոցեն քու եզիդ,
Հըլու եզիդ` որ դարձած`
Մերթ կը լիզե բոբիկ ոտքերդ աստվածի:
Օ՜, իր պոչյունը գերազոր, որ ահա
Քարանձավե քարանձավ
Կ’արթընցընե թըմրած օձերն ու արջերն,
Ու խաղաղ կյանքն արևուն տակ կը պոռթկա:
Աստղերը մեղըր կը ծորեն երկընքեն
Նայադներու սափորներուն մեջ մարմար,
Արշալուսված աղբյուրներուն եզերքին
Աղավնիներ կը լոգնան
Իրենց կտուցեն մարգարիտներ սըրսկելով:
Ծիծաղե՛, ո՛ Վանատուր,
Քու հեթանոս ծիծաղներովըդ վըճիտ,
Զի բընությունն արթընցա՛վ իր քողերեն.
Եվ բերկրությունն, արգասավոր և անհուն,
Օդին մեջեն կ’անցնի կ’երթա,ու նըման
Մեծ կարապի մը վայրի,
Քու հաղթանա՜կըդ կ’երգե:

Ահա ամառն ու իր անդերը խարտյաշ.-
Որաներո՜վ պըսակվե, ո՛ Վանատուր:
Պըճեղներուն տակ եզիդ
Մատղաշ ցորյանն անտառացավ. այժըմ իր
Ծովերուն մեջ` ոսկյա լոգանքըդ ըրե՛:
Թուփերուն տակ ծաղկահեղց
Բույներն են լի՛ օրհնությամբ,
Եվ արտույտին երգն արևե՛ն մեզ կու գա:
Քու արգավանդ անույշ շունչդ է` որ կ’անցնի
Դալարավետ բըլուրներուն կողն ի վար:
Երդիկին վրա քընացող
Գեղջուկին աչքն ա՛լ կը բանա` Արշալույսն,
Եվ կը փակե` Լուսնկան:
Հյուղերն են լի համեմներու բույրերով,
Ավերակներն իսկ մոխրապատ` են զեղուն
Եղիճներու, մոլոշներու հունձքերով:
Ուռենիին տակ, Վանատո՛ւր, կը զոհեմ
Նոխազը, քեզ նըվիրված,
Նոխա՛զն, որուն լուսեղ մազերն հորդահոս
Քամակին վրա` ակոսի պես կը ճեղքվին.
Նոխա՛զն որ միշտ կը կըրծեր
Սուրբ շերտափակն այգիիդ:
Արյո՛ւն խըմե ու մի՛ս կեր, ո՛ Վանատուր,
Քու հինօրյա խըրախներովդ հեթանոս,
Զի հասկաթուռ ցորյանին մեջ փայլակող
Գերանդիներ քե՛զ կ’երգեն:

Ահա աշունն ու արյուններն իր հուռթի.-
Որթատունկո՜վ պըսակվե, ո՛ Վանատուր:
Նիզակըդ ա՜ռ` որուն վըրա ոլորուն
Բարունակներ կը ծաղկին.
Թող ես եզիդ եղջյուներն
Ողկույզներո՛վ զարդարեմ:
Մըրգածառերն, հըղի կընոջ մը նըման,
Կ’հևան իրենց բեռին տակ.
Բուներն համակ կըպչուն են քա՛ղցըր հույզով.
Կորիզն ամեն պըտուղի
Քու սերմովդ է պընդացած.
Եվ քու եզիդ շողիքով
Օծված է հողը բեղուն:
Ամբարներն ողջ` խաղաղությամբ կը լեցվին,
Եվ կարասներ` ցընծությամբ…
Թող, թեղերուն մեջ, ուտե եզըդ գարի՛ն
Աստղերու պես: Իսկ դուն, Աստվածըդ զըվարթ,
Աստվածըդ գեր, վարդերես,
Ա՛ռ դաշխուրանդ, ըմպե՛ այրունը աշնան:-
Աղբյուրին քով ես քեզի
Մատըռվակեմ թող գինի՜,
Մատըռվակեմ թող բոցե՜ր,
Ծիծաղե՛, ո՛ Վանատուր,
Ո՛ Վանատուր, կաքավե՛.
Զի այգիեն տերևաթափ` կ’երևան
Հավերժհարսերն, երկայնքն ի վեր ցանկերուն,
Եվ աղջիկներ, նուռ լեցուցած գոգերնին,
Դեպի մեհանըդ կ’երթան.
Զի դու անմահ ես` դիքերեն վերջ մեռած`
Օվկիաններու աղին պես,
Զի տաղտկալի ձըգման մեջ,
Հայրենական օճախներուն քով խաղաղ,
Ամեն կիթառ քե՛զ կ’երգե:
 
Ֆորում » Գլխավոր ֆորում: » Հայկական գրականություն » Դանիել Վարուժան
Էջ 6-րդ 6-ից«123456
Որոնել: